

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամանորյա հյուրասիրություն էր կազմակերպել և նվերներ հանձնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Երեխաները թեև որբացած, սակայն ապրում են ընտանիքներում, հարազատների խնամակալության ներքո:
Ոչինչ չի կարող վերականգնել երեխաների աչքերի փայլն ու լիարժեք ժպիտը, եթե նրանք զրկված են ծնողական սիրուց ու գուրգուրանքից: Այդ երեխաները հոգու խորքում թաքցրած կարոտ ունեն, ավելի ինքնամփոփ են և մեկուսացած: Արմավիրի մարզում 24 ընտանիքում խնամակալության ներքո ապրում են երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, որոնց խնամակալները հարազատներն են: Այդ երեխաների այս տարվա ձմեռ պապը Արմավիրի մարզպետն էր, ով ականջալուր է նրանց խնդիրներին ու աջակից՝ հոգսերին: 7-ամյա Լիլիթն արդեն երկու տարի գտնվում է տատիկի խմնամքի տակ:
Լիլիթի խնամակալ Լաուրա Բաղդասարյանըտարբեր խնդիրներով հաճախ է դիմում մարզպետին և ստանում նրա աջակցությունը: Վերջերս վառելափայտ են ձեռք բերել:
Արայիկ Թովմասյանի հորեղբոր տղան ու հարսը մեկուկես տարի առաջ զոհվել են ավտովթարից որբացնելով երեխաներին: Նրանք այժմ գտնվում են Արայիկի խնամակալության տակ և մեծանում Արայիկի երկու երեխաների հետ միասին:
Երեխաները մեծանում են տարբեր ընտանիքներում, սակայն նրանց ճակատագրերն են նույնը: Առանց ծնողական խնամքի են մնացել տարբեր պատճառներով: Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն օգտվում են օրենքով սահմանված արտոնություններից:
Խնամակալության ներքո ապրող ծնողազուրկ երեխաների ու նրանց խնամակալների համար Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հյուրասիրություն էր կազմակերպել և երեխաներին նվերներ հանձնել՝ դրամի տեսքով:




