Հասարակություն

«Շահում ես դու, շահում է երկիրը». հայտնի են Արցախի ազգային վիճակախաղի շահողները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

«Շահում ես դու, շահում է երկիրը» կարգախոսն ունեցող  Արցախի ազգային վիճակախաղի կազմկոմիտեն ամփոփել է դեկտեմբերի 28-ին անցկացված  երրորդ խաղարկության արդյունքները:  Այս տարի վաճառվել էր 94 հազար տոմս`Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում:

 

Ըստ «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանի՝ երրոդ խաղարկության ժամանակ  455 մրցանակ է խաղարկվել, այդ թվում՝ 5 մեկ միլիոն դրամ, տասնյակ գորգեր, տակառիկներով թթի օղի, մեղր։ Այդ ամենը արտադրված է Արցախում: Ընդ որում՝ դրամական խաղարկությանը մասնակցել են միայն  Արցախում եւ Հայաստանում վաճառված տոմսերը:

Շահողներն իրենց շահումները կարող են ստանալ հունվարի 11-ից  հետո՝  շահած տոմսով եւ անձնագրով ներկայանալով    Ստեփանակերտում վիճակախաղի գրասենյակ, Երեւանում ընկերության ներկայացուցչություն: Մանրամասները կան նաեւ «Արցախի ազգային վիճակախաղ»- ի պաշտոնական կայքում:

Ըստ կազմակերպիչների՝ «Շահում ես դու, շահում է երկիրը» կարգախոսով վիճակախաղի յուրահատկությունն այն է, որ այն   նպաստում է Արցախում նոր աշխատատեղերի բացմանը, տեղական արտադրանքի խթանմանը:

Ազգային վիճակախաղի նախորդ փուլերի շնորհիվ՝ տնտեսության տարբեր ճյուղերում նոր արտադրողներ են հայտնվել։ Քաշաթաղի շրջանի  Իշխանաձոր գյուղում սկսվել եւ արդեն ավարտվում է       առանձնատների եւ բազմաբնակարան շենքի շինարարությունը:

Այս տարվա շահույթը հիմնականում ուղղվելու է Քաշաթաղի շրջանում բնակարաններ կառուցելու ծրագրի: Տեղեկացնեմ նաեւ, որ առաջիկա ամսվա ընթացքում շահած եւ չշահած տոմսերով  բոնուս խաղարկություն կանցկացվի՝ 92 մրցանակներով:

 

Կարդացեք նաև

Back to top button