Հասարակություն

ՀՀ վարչապետի Անանորի ուղերձը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամանորյա ուղերձ է հղել: Ուղերձում ասված է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա:  Գալիք՝ 2016 թվականը   հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար: Մենք   հանդիսավորությամբ նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանհինգերորդ տարեդարձը:  Այն խորհրդանշում  ու ամփոփում է մեր  ժողովրդի դարավոր իղձերը և  թանկ է բոլորիս համար:  Վստահ եմ՝ մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ մենք շարունակելու ենք հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով շարժվել առաջ,  կառուցել բարեկեցիկ և ապահով  Հայաստան՝ հանուն մեր պետականության ամրապնդման և անկախության հարատևման:

Գաղտնիք չէ, որ 2015 թվականն աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր: Հայաստանը ևս անմասն չմնաց արտաքին մարտահրավերների բացասական ազդեցությունից:  Ի հեճուկս ոչ լավատեսական կանխատեսումների՝  ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և հաշվարկված  քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ:

2016 թվականին կառավարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ: Համոզված եմ, որ մեր երկիրը՝ կառավարության նպատակային և հստակ գործողությունների շնորհիվ մրցունակ տնտեսությամբ շարունակելու է հաստատուն կերպով առաջ ընթանալ`  դեպի ավելի հզոր և ժողովրդավարական Հայաստան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը:  Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Back to top button