Հասարակություն

«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ակցիան շարունակվում է

«Համաչափ Զարգացում» lամայնքային զարգացման հասարակական կազմակերպությունն այս տարի եւս շարունակում է արդեն ավանդական դարձած «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին: Ծրագիրն իրականացնում է 2008 թվականից ի վեր անընդմեջ:

Ծրագրի 2015-2016 փուլն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին իրականացվելու է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր, և նվիրատվություն` Ձմեռ պապին նախապես նամակներ ուղարկած շուրջ 250 երեխաներին: Բարեբախտաբար, արդեն հաջողվել է նվերներ պատրաստել գրեթե բոլոր երեխաների համար, շատ դեպքերում` հենց նրանց ցանկացած նվերները:

Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 16  հազար 500 երեխայի: Հիմնական նպատակն է բոլոր սահմանամերձ գյուղերը ներառել այս ծրագրում:

Սկզբունքը հետեւյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք  տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Բոլոր ցանկացողները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ կամ կոնկրետ հասցեատիրոջ եւ նվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին:

Այսպիսվ՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջեւ:  Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` մարդը հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է: Այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են այն նվերները, որոնք խնդրել են Ձմեռ պապից:

Նվիրատուները մեծ ոգեւորությամբ են փոխանցում նվերները եւ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք եւս տեղադրվում են նշված կայքում:

Ուրախալի է, որ երեխաների մեծ մասը խնդրում է կրթական-զարգացնող նշանակության նվերներ` գրքեր, հանրագիտարաններ, համակարգիչ եւ այլն: Շատ դեպքերում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները խնդրում են պարզապես տաք հագուստ եւ կոշիկ, ինչը սոցիալական լուրջ խնդիրների մասին է խոսում:

Ծրագրի արդյունքում հաջողվում է իրագործել շատ երեխաների նաեւ մեծ ցանկությունները: Թեկուզ օգտագործված, սակայն անհրաժեշտ նվերները ստացվում են տարբեր նվիրատուների կողմից:

Ծրագիրն ունի նաև կորպորատիվ հովանավորներ, ինչպիսիք են «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, «Ռոստելեկոմը», «Արցախբանկը»։

Back to top button