

3-4 օր առաջ ոստիկանությունն անցել է ուժեղացված տարբերակով ծառայության: Հատկապես մայրաքաղաքի շուկաներում, առեւտրի մյուս կետերում եւ խաչմերուկներում երթեւեկությունը կարգավորելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը: Այսպես է ոստիկանությունը նախապատրաստվել ամանորի տոներին. «Ամեն ինչ արվելու է՝ քաղաքացիների տոնական տրմադրությունը պատահարներով եւ խցանումներով չփչացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա այսօր հատուկ ուղերձ ուներ հատկապես վարորդներին, այսօրվանից զգուշացնում է, որ կոնկրետ դեպքերի համար ներողամտություն չի լինի:
Ավելի տպավորիչ լինելու համար Նորիկ Սարգսյանը դիմեց վիճակագրությանը: Անցած տոներին՝ 2015 թվականում հունվարի մեկից տասն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 87 պատահար, որի արդյունքում զոհվել է 6 մարդ, վիրավորվել 128 մարդ: Պատահարների 24-ի դեպքում վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:




