

Անցնող տարին Հայաստանի համար սովորական էր՝ իր չլուծված հիմնախնդիրներով և բազմապիսի դժվարություններով։ Տարվա ամենամեծ արկածախնդրությունը եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այսօր ասել են «Հայելի» ակումբի հյուրերը՝ հասարական- քաղաքական գործիչները։
«Տարին բարդ էր ու դժվար, իշխանություն էլ չփոխեց իր քաղաքականությունը,ու բոլորն էլ այսօր տեսնում են, թե ինչ բարեկեցիկ կյանքով ենք ապրում»,- ասում է դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` բարեկեցիկ բառն օգտագործելով փոխաբերական իմաստով:
Իշխանությունների գործելաոճում մի փոփոխություն քաղաքական գործիչն այնուամենայնիվ նկատում է։ Այսօր եթե վարկ են վերցնում՝ չեն ասում, որ ուղղում են ինչ- որ ծրագրերի, այլ խոստովանում են, որ բյուջեի դեֆիցիտին են ուղղելու։
Արամ Սարգսյանի խոսքով` գալիք տարին Հայաստանի և հայ ժողովրդի համար էլ ավելի դժվար է լինելու։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են սրել իրավիճակը, այժմվանից պետք է միջազգային հանրության մոտ բարձրաձայնենք հնարավոր իրավիճակների մասին։
Արամ Սարգսյանի միտքը շարունակում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանն այս տարի առավել արհամարհական վերաբերմուքն ցուցաբերեց միջազգային հանրության հանդեպ և Հայաստանը պետք այլ միջոցներ ձեռնարկի:
Քաղաքական առումով տարին ցնցումնային էր ԲՀԿ համար: Դեռ տարեսկզբին նախագահ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պարզապես քաղաքական չարիք համարեց, որից հետո մի ամբողջ կուսակցություն կազմաքանդվեց: Նավը լքեցին շատ ԲՀԿ- ականներ,սակայն կրքերը մի փոքր հանդարտվեցին, երբ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյաը:
Ի դեպ՝ ԲՀԿ- ն այս տարվա մեջ մի քանի անգամ իր դիրքորոշումը փոխեց կարևորագույն հարցերի շուրջ:Եթե տարվա սկզբին նրանք դեմ էին Սահմանադրական բարեփոխումներին,ապա արդեն հանրաքվեից առաջ նրանք դարձան կողմնակից:Պատգամավոր Միքայել Մելքումյանի արդարացումը այն էր, որ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: «Մենք չենք կարող անընդհատ նույնը մնալ։ Մեր դիմագիծը պայմանավորված է ծրագրային դրույթներով։ ԲՀԿ-ն չի կարող անընդհատ պարտվող ընդդիմություն լինել։ Փողոցից չենք կարող գալ իշխանության: Մենք ամեն անգամ կանգնում՝ ասում ենք «ռեժիմ, հեռացիր». այդ ռեժիմը չի հեռանում, և մենք անում ենք այն, ինչ հնարավոր է անել՝ հավատարիմ լինել ծրագրային դրույթներին»,- ասում է Մելքումյանը։
2015թ-ը ամփոփելով՝ ասուլիսին ներկա այլ քաղաքական-հասարակական գործիչները համոզմունք հայտնեցին, որ տարվա ամենամեծ արկածախնդրությունը եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։




