Հասարակություն

Արտագնա աշխատանքից հետո՝ հայրենիքում է, որ կայուն եկամուտ ունեցան

satikisahakyan

Արտագնա աշխատանքի դառը պտուղները համտեսելուց հետո Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Գոռ և Խաժակ Ենոքյանները հիմնեցին ըմպելիքի փոքր արտադրություն, որի եկամուտն այնքան էլ մեծ չէ, սակայն ավելի գոհ են, որ աշխատում են ոչ միայն հայրենիքում, այլև իրենց սեփական տանը՝ ընտանիքի կողքին:  Միգրացիոն օրենքների փոփոխության և ռուբլու արժեզրկման պայմաններում համեմատություն անցկացնելով  դրսի եկամուտը տեղում ստեղծածի հետ, կշեռքի նժարի ծանր կողմը հայրենիքինն է:

 

Վայոց ձորի մարզի  Շատին  գյուղում Գոռ Ենոքյանն արդեն 1.5 տարի  հիմնել է լիմոնադի փոքր արտադրություն, որտեղ առայժմ զբաղված են միայն իր ընտանիքի անդամները: Մինչ այդ  34-ամյա Գոռը 6-7 տարի հոր հետ մեկնել է արտագնա աշխատանքի, աշխատել է իր հայրենիքից ու ընտանիքից հեռու, խոստովանում է. «Երեխեքս մեծացան, չտեսա ինչպես»:

Ռուսաստանում միգրացիոն օրենքների փոփոխությունները շատ բան փոխեցին  «խոպանչիների» կյանքում: Գրանցման խնդիրները, աշխատանքային պայմանագրերը, ռուբլու արժեզրկումը բացասաբար անդրադարձան նաև  ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վրա: Սկզբում չեն դժգոհել, ավել ուշ՝ հիասթափությունն է  տեղի տվել:

Խոպանից հետո շատինցի  հայր և որդի Ենոքյանները որոշեցին  վարկ վերցնել և հայրենի գյուղում հիմնել սեփական բիզնեսը: Գործում հմտություններ ձեռք բերելու նպատակով նրանց աջակցել է «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչությունը, որը 2013 թվականից  գործընկեր կազմակերպությունների՝ ՀՕՄ-ի և Եվրամիության հետ համատեղ Հայաստանի չորս մարզում՝ Արարատում, Արմավիրում, Վայող ձորում և Սյունիքում իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Հենց այդ ծրագրով էլ Գոռ Ենոքյանն անվճար մասնակցել  է բիզնես դասընթացներին, ձեռք բերել  գիտելիքներ և իրենց տանը հիմնել  լիմոնադի արտադրություն:

Այժմ արտադրում է 22 անուն լիմոնադ, որն իրացնում է  Շատինում, հարակից համայնքներում, մարզկենտրոնում, առաքում են  նաև Գեղարքունիքի մարզ:

Լիմոնադի արտադրույթյունում ներգրաված են ընտանիքի անդամները,  ազատ ժամանակ օգնում են նաև երեխաները: Լիմոնադը շշալցվում է պլաստմասսե և ապակե տարաների մեջ: Ըստ Խաժակ Ենոքյանի՝ ապակե տարաների կիրառումն ավելի նպատակահարմար է ու արդյունավետ:

Գոռ Ենոքյանը ցանկանում է ընդլայնել լիմոնադի արտադրությունը, սակայն ֆինանսական  միջոցները բավարար չեն: Հնարավորությունների սահմաններում ծրագրերը մեծ են: Արտադրության ընդլայնումը նշանակում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում, մի քանի ընտանիքների հանապազօրյա հացի ապահովում:

Կարդացեք նաև

Back to top button