

Հանրապետությունում այսօր տարածված է գրիպի տարբեր ենթատեսակներ, այդ թվում նա H1 N1-ը, որը ժողովրդի շրջանում հայտնի է խոզի գրիպ անվամբ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի տվյալներով այսօր հանրապետությունում արձանագրվել է խոզի գրիպի 4 դեպք: 3-ի վիճակը մասնագետը գնահատել է լավ:
Ըստ մասնագետների՝ գրիպի և շնչառական ուղիների վարակման սեզոնը շարունակվում է առ այսօր և առողջապահության նախարարությունը շաբաթը մեկ անգամ իրականացնում է վերոնշյալ հիվանդությունների մոնիթորինգ: Արդյունքում պատկերը նունն է, ինչպես որ նախորդ տարիների նույն ժամանակահատվածում էր: Ավելին, ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի, նախորդ տարիների հետ համեմատ, այս տարի սուր շնչառական հիվանդության դեպքերը նվազել են:
«2013 թվականին գրեթե 3000 դեպք է արձանագրվում սուր շնչառական վարակներով, իսկ հիմա այս նույն ժամանակահատվածում գրեթե 2300-ից 2400 նմանատիպ թվերի հետ այսօր գործ ունենք»:
Այսօր հանրապետությունում շրջանառվում են գրիպի տարբեր ենթատեսակներ, այդ թվում նաև H1 N1 գրիպը, որը ժողովրդի շրջանում հայտնի է խոզի գրիպ անվամբ: Հանրապետությունում հայտնաբերվել է խոզի գրիպի 4 դեպք: Ի դեպ 4-րդն արձանագրվել է այսօր: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ գրանցված երեք մարդկանց վիճակը լավ է, ավարտել են ստացիոնար բուժումը: Այս տարի նաև արձանագրվել է գրիպից մահվան մեկ դեպք, որը, ըստ Լիանա Թորոսյանի, ուղեկցվել է այլ հիվանդություններով:
«Սրտի լուրջ խնդիր է ունեցել, դիմել է հիվանդության 5-րդ օրը: Սիրտթոքային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն: Դա չի եղել խոզի գրիպից, ախտահարվել է սովորական գրիպ: Դրա համար եմ ասում ցանկացած բարդություն կարող է լինել գրիպի ցանկացած տեսակից»:
Առողջապահության նախարարության կոչն է ազգաբնակչությանը և հատկապես խոցելի խմբերին՝ հղիներին, տարեցներին ու երեխաների ծնողներին, լինել զգոն, գրիպը չդիտել թեթև հիվանդություն: Անմիջապես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ գրիպը կարող է նպաստել այլ հիվանդությունների գլուխ բարձրացմանը, ինչպես որ վերոնշյալ դեպքն էր: Լիանա Թորոսյանը շեշտեց, որ այսօր հանրապետությունը համալրված է պատվաստանյութերով և խոցելի խմբերին պոլիկլինիկաներում կամավոր հիմունքներով կատարում են պատվաստումներ: Կան նաև հակավիրուսային պատրաստուկներ, որոնք կլինիկական ցուցումների դեպքում ազգաբնակչությունը կարող է պոլիկլինիկաներից ստանալ անվճար: Եվ քանի որ առջևում Ամանորի տոներն են, ԱՆ ներկայացուցչի խորհուրդների ցանկն ավելացավ ևս մեկով՝ խուսափել անմիջական շփումներից և միմյանց համբուրելուց:




