

«Այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի խախտման դեպքերն ավելի քիչ են եղել»,- այսօր լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ տարեվերջին կհրապարակեն ադրբեջանական կողմի կրած զոհերի մասին. տարբեր տեղեկություններով` անցնող տարվա ընթացքում այդ զոհերի թիվն անցնում է 210-ը, իսկ հայկական կողմի զոհերի թիվը կհրապարակվի պաշտոնապես: ՊՆ խոսնակի խոսքով՝ վերջին շրջանում լարվածությունը գերակշռում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, իսկ Հայաստանի հետ սահմանին համեմատաբար հանգիստ է:
Վերջին շրջանում Ադրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Հետեւաբար Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս՝ բառապաշարից հանել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ մենք վաղուց հրադադար և խաղաղություն չունենք՝ ունենք հրադադարի հարաբերական հանգստություն:
«Խոսվում է տանկեր առաջ բերելու մասին, սակայն տանկերը սահմանին առանձնապես մեծ ազդեցություն չունեն՝ դիրքերից օգտագործելու համար, քանի որ առավել վտանգավոր է հրետանին: Հակառակորդն իրականում ավելի լուրջ բան է ցանկանում, քան մի քանի հոգու սպանելը, սակայն դա նրանց մոտ չի ստացվում, ամեն անգամ ստանում է հուժկու հակահարված»
Անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել: Հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների քանակի մասին մամուլի քարտուղարը հրաժարվեց հայտնել, բայց նշեց, որ իրականացվում է վերլուծություն՝ հիմք ընդունելով ձախողված քայլերի մասին տեղեկությունները:
«Հակառակորդի դիվերսիոն գործողությունների տրամաբանության մեջ որոշակի բան է փոխվել. եթե այս կամ այն միջոցը կիրառել են, ապա հաջողության չեն հասել, հետևաբար, կարող ենք ասել, որ հակառակորդը գնում է իր կարևոր նշանակություն ունեցող ուժերի հյուծման ճանապարհով, այսինք հակառակորդը հյուծում է իր ոսկե ֆոնդը»:
ՀԱՊԿ-ի արձագանքին սահմանային լարվածության վերաբերյալ հարցը Արծրուն Հովհաննիսյանը քաղաքական համարեց, և հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երեկ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում:
Հիշեցենք, որ նախագահն իր խոսքում նշել էր, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։
Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ:
«Սերժ Սարգսյանը երեկ մի փայլուն խոսք ասաց այդ մասին, իսկ ես կավելացնեմ, որ ՀԱՊԿ զարգացման ու կայացման փուլում ՀՀ ներդրումը չափազանց մեծ է»:




