Քաղաքական

ԱՄՆ հաստատակամ է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում. Քիրբի

ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտռության խաղաղ կարգավորման հարցին:

«Մենք գտնում ենք, որ դա կողմերի տեսակետների պարզաբանման առումով լավ առիթ էր այս տարվա ընթացքում առաջին անգամ դեմառդեմ հանդիպող նախագահների համար։ Նախագահները փաստեցին, որ իրավիճակը վատացել է, ինչպես նաև իրենց մտահոգությւոնը հայտնեցին ծանր զինտեխնիկայի կիրառման հեռևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների առնչությամբ: Նրանց խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Եվ որպես համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում», -ասել է Քիրբին՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները:

Արդյո՞ք Պետդեպը հավանություն է տալիս շփման գծումկրակի արձակման վայրը ֆիքսող հատուկ համակարգեր տեղադրվելու առաջարկը, լրագրողի հարցին պատասխանելով՝ Քիրբին հիշեցրել է, որ վերջերս Պետդեպը պաշտոնապես ողջունել է այս առաջարկը։

Լրագրողն անմիջապես հավելել է, որ դրան կողմ են արտահայտվել նաև համանախագահող մյուս երկրները` Ֆրանսիան ու Ռուսաստանը, ինչպես նաև հայկական կողմը, մինչդեռ պաշտոնական Բաքուն, ըստ լրագրողի, շարունակում է լռել։

«Արդյոք դուք այս ուղղությամբ աշխատո՞ւմ եք Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի նրանք ևս ընդունեն տվյալ առաջարկն ու, այդպիսով, այն իրագործվի»,- հետաքրքրվել է լրագրողը: Սակայն Քիրբին հրաժարվել է ուղիղ պատասխան տալ և բացահայտել դիվանագիտական քննարկումների մանրամասները: Նա միայն նշել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր մյուս գործընկերների հետ շարունակում է ակտիվ քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակները։

Կարդացեք նաև

Back to top button