

Խորհրդարանը շարունակում է դեկտեմբերի 14-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանք, որը թերևս ամենաերկարներից ու օրակարգի առումով ամենահագեցածներից մեկն է. Ազգային ժողովը հատուկ ընթացակարգով աշխատել է արդեն 5 օր և շարունակում է 6-րդ օրվա արտահերթ աշխատանքը:: Գալուստ Սահակյանը, սակայն, պատգամավորներին, տեղեկացրել է, որ նախատեսվում է այսօր ավարտել նստաշրջանը: ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորել է չբացակայել դահլիճից, քանի որ կեսօրից հետո քվեարկություններ են սպասվում: Իսկ մինչ այդ քվերակվել են ուըրբաթ օրը քննարկված մեկ տասնյակից ավելի օրենսդրական փաթեթները, այդ թվում՝ դեղերի լիցենզավորմանը, կենսաթոշակներին վերաբերող օրինագծերն ու ՎՊ հաջորդ տարվա գործունեության ծրագիրը:
Իսկ մինչ բովանդակային քննարկումներին անցնելը պատգամավորները ԱԺ նախագահի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին սահմանին զոհված զինծառայողների հիշատակը:
«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով եւ հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան ետ է շպրտել ելման դիրքեր: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաեւ այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս են ապացուցել, եւ որը շատ ավելի ցավագին կլինի նրա համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետեւանքով, ունենք նաեւ կորուստներ»:




