Հասարակություն

Կարմիր խաչը բարձր է գնահատում անհետ կորածների ճակատագրերը և հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՀՀ հետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհետ կորածների ընտանիքներին բարոյական, ֆինանսական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում, այսօր ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստում նշել է պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

Նիստին մասնակցող ՀՀ-ում ԿԽՄԿ  պատվիրակության ղեկավար Կարոլին Դուեյզին բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորածների ճակատագրերը և նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՊՆ և հանձնաժողովի համագործակցությունը և նշել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:

ՊՆ- ում այսօր քննարկվել է նաեւ հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Այս հարցերը քննարկվել են մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է մարտական գործողությունների մի շարք մասնակիցների համապատասխան  կարգավիճակի շնորհելու դիմումները: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու փաստը չհիմնավորվելու պատճառով մերժվել են 4 քաղաքացիների դիմումները:

Back to top button