ԿարևորՔաղաքական

ԱԺ- ում դժգոհ են վարկերի չափերից, արդյունավետությունից, բայց ՎՊ զեկույցն ընդունեցին

տեղադրվել է ժամը 14։46- ին
լրացվել է ժամը 19։17- ին

lenabadeyan

Այսօր առավոտվանից պատգամավորներն արդեն տեղյակ են՝ ինչպես էլ աշխատեն, չեն հասցնելու սպառել կառավարության առաջարկած օրակարգը, ուստի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը շարունակվելու է նաեւ երկուշաբթի: Նոր վարկերի հաստատում, Վերահսկիչ պալատի հաշվետվություն, դեղերի շուկայի կարգավորում. ահա այս ամենն են այսօր հասցրել անել պատգամավորները: Ու նույնիսկ ավելին՝ մի քիչ էլ հաշվել են ուրիշի փողերն ու ունեցվածքը, ու նաեւ ընդվզել են կառավարության առաջարկած աշխատանքի տեմպերից:    

 

Արտահերթ նստաշրջանի 5-րդ աշխատանքային օրը պատգամավորները չդիմացան ու վերջապես դժգոեցին կառավարությունից: Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» կարծում են, որ չի կարելի արագացված կարգով՝ մի քանի օրում,  երեք ընթերցումով ստեղծել նոր օրենք: Խոսքը Գյուղատնտեսական կոոպերատիվների նախագծի մասին է, որի վերջնական ընդունման համար կառավարությունն առաջարկեց 24-ժամյա ռեժիմ:

Խորհրդարանական մեծամասնությունն ականջալուր չեղավ

ընդդիմադիրների բողոքներին ու քվեարկությամբ՝ առանց որեւէ բացատրության, հաստատեց առաջարկված հրատապ ռեժիմը: Բայց հարցի վերջնական քննարկումն արդեն կտեղափոխվի երկուշաբթի հրավիրվելիք արտահերթի ժամանակ:

Իսկ այսօր խորհրդարանը միանգամից վավերացրեց մի քանի վարկային համաձայնագիր: Հիշեցնենք, որ մինչ այս փորձագիտական որոշ գնահատականների համաձայն 2015-ին Հայաստանն աննախադեպ չափի վարկային համաձայանգրեր է կնքել: Այս տարվա նոյեմբերի դրությամբ, ըստ ֆինանասների նախարարության, Հայաստանը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր՝ 1 միլիարդ 45 միլիոն դոլար եւ 10 միլոն եվրո ընդհանուր գումարով: Սա գրեթե այնքան է, որքան Հայաստանի  ամբողջ պետական պարտքն էր  2008 եւ 2009 թվականներին:

Այս առումով մտահոգություններ այսօր հնչեցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը կորսուսները եւ վատնումները վկայակոչելիս հիմնվում էր ՎՊ-ի 2014 թվականի զեկույցի վրա, որն այսօր նույնպես օրակարգային թեմա էր: Թեպետ մեջբերումներ արեց, բայց ընդհանուր փաստաթղթից էլ էր դժգոհ: Այն համեմատելով նախորդ տարիների զեկույցների հետ՝ Հեղինե Բիշարյանը տպավորություն է ստացել, որ լրջագույն ազդեցություն է եղել ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի վրա:

«Դեկորացիայի է նման»,- որակեց զեկույցը ՕԵԿ խմբակցության ղեկավարն ու մտավախություն հայտնեց, որ դրանով «կոծկում, ծածկում են այն խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրում»: Վերահսկիչի աշխատանքներից որոշ չափով դժգոհ է նաեւ «Բարգավաճ հայաստան» խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մի քանի տարի է, ինչ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին խորհրդարանում պատգամավորները չէին տեսնում, առիթների դեպքում շփվում էին նրա տեղակալների հետ եւ ԱԺ-ում գրեթե թեւավոր էր դարձել հարցադրումը՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը:

Հաջորդ տարի ՎՊ-ը կրկին կփորձի հետեւել վարկային միջոցների օգտագործման ընթացքին, դա սահմանված է խորհրդարանում արդեն հաստատված 2016 թվականի ՎՊ ծրագիրի 10-րդ կետորվ: Իսկ կառույցի 2014-ի հաշվետվությունը Աժ-ը պարզապես ընդունեց ի գիտություն:

 

Կարդացեք նաև

Back to top button