«Ռադիոլուրի» լրագրողները` «Ճամպրուկ 2015»- ի 1- ին եւ 2- րդ մրցանակակիրներ
Լուսանկապում՝ Ճամպրուկ- 2015- ի 1- ին մրցանակակիր Սաթիկ Իսահակյանը
Դեկտեմբերի 18-ը Միգրացիայի միջազգային օրն է: Օրվա շրջանակներում էլ այսօր ամփոփվել են «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Ճամպրուկ-2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր շուրջ 67 լրագրողական նյութ: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի լրագրողներ Սաթիկ Իսահակյանը և Հասմիկ Դիլանյանը «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգում համապատասխանաբար զբաղեցրեցին առաջին և երկրորդ տեղերը:
2013- ից ՀՀ չորս մարզում` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքում, հունվարից «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը: Այն ներառում է տարրեր, որոնց հիմքում անօրինական միգրացիայի կանխարգելումն ու վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորություն ընձեռելն է:
Նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի ռազմավարության համաձայն՝ Հայաստանի հարավային մարզերում` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքում ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ, որոնք առօրյա գործունեության ընթացքում համալիր աջակցություն էին ցուցաբերում ինչպես պոտենցիալ, այդպես էլ վերադարձած միգրանտներին: Պոտենցիալ միգրանտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, իսկ վերադարձողներին տրամադրվել են նաև բիզնես դրամաշնորհներ:
Ճամպրուկ- 2015- ի մրցանակակիր Հասմիկ Դիլանյան
«Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը նշում է, որ նոր աշխատատեղեր ստեղծելու և վերոհիշյալ չորս մարզերի տնտեսական զարգացմանը նպաստելու համար ֆինասնսավորվել են 17 լավագույն բիզնես առաջարկները: Նորաստեղծ բիզնեսնեը գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը, անասնապահությունը, ջերմոցային տնտեսությունը, մեղվապահությունը, կահույքագործությունը, թեթև արդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները, սպասարկման ոլորտն ու հացաբուլկեղենի արտադրությունը:
Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ իրականացվեց «ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը: Այս տարի մրցույթին ներկայացվել էր 67 տպագիր, հեռուստառադիոնյութ։ Մրցանակներից երկուսին՝ «Ռադիո» անվանկարգում, արժանացան Հանրային ռադիոյի լրագրողներ Սաթիկ Իսահակյանն ու Հասմիկ Դիլանյանը։