Խորհրդարանն այսօր ձայների 66 կողմ, 31 ձենպահ, 3 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է գյուղատնտեսական կոոպետրատիվների և դրանց միությունների ստեղծման մասին օրենսդրական փաթեթը: Այն երեկ քննարկվել էր գրեթե ողջ օրը. պատգամավորներն, ընդհանուր առմամբ, գաղափարն ընդունելի են համարում, բայց կարծում են, որ նախագծում տեղ գտած ձևակերպումներից շատերը թերի են ու խնդրահարույց: Հենց դրանով է իր ձեռնպահ քվեարկությունը հիմնավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
« Գաղափարը լավն է, բայց նախագիծը փնթի է՝ բազմաթիվ հակասություններով: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ՝ քվեարկությունը երեք ընթերցումներով չկազմակերպել»:
Ձեր կարծիքները ներկայացվել են կառավարությանը: Գործադիը ինչ որոշում ընդունել է, այդպես էլ կքննարկենք՝ ասել է Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ից հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում, հիշեցնենք, 40 հարց է: Պատգամավորներն առայժմ հասցրել են քննարկել օրակարգային հարցերի հազիվ մեկ քառորդը: Դեռ քննարկման են սպասում Վերահսկիչ պալատի գործունեության նախորդ տարվա հաշվետվությունն ու 2016-ի ծրագիրը, վարկային մի քանի համաձայնագրեր: Իսկ օրենսդրական փաթեթներից շատերը կառավարությունն առաջարկել է քննարկել միանգամից երեք ընթերցումներով: