Հասարակություն

Կոոպերատիվների ստեղծման առաջարկը՝ ԱԺ արտահերթում

lenabadeyan
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որի կիրառման արդյունքում գյուղերում վերադառնալու են կոոպերատիվների ժամանակները: Գյուղատնտեսական կոպերատիվների մասին տարիներ շարունակ խոսվել է, բայց քայլն արվում է հիմա, իսկ դա նշանակում է, որ «այս քայլի համար կա քաղաքական որոշում»,- եզրակացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ են դեռ քննարկում այն մոտեցումները, որոնք կառավարությունն առաջարկում է կոոպերատիվների ստեղծման համար: Գաղափարը բոլորին, իհարկե, դուր է եկել, որեւէ մեկը չի կասկածում, որ նախագիծը կընդունվի, բայց արդեն մատնանշում են օրենքի նախագծում առկա կոնկրետ բացթողումները: Առաջինը եւ հիմնականն այն է, որ գյուղացիները պատրաստ չեն կոլեկտիվ բիզնես անելու եւ դրա հիմնական պատճառը վստահության բացակայությունն է, նշել է պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Օրենքի նախագծում գրված դրույթները պարզապես դեկլարատիվ բնույթի չեն եւ հարկ եղած դեպքում դրանք հնարավոր է կյանքի կոչել, համոզված է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նշել է, որ հետագայում պետական աջակցությունների ժամանակ առաջնահերթությունը տրվելու է հենց գյուղական կոոպերատիվներին:

Իսկ մինչ այս օրինագծի քննարկմանն անցնելը, խորհրդարանը նախ քվեարկել եւ ընդունել է երեկ քննարկված հարցերը: Մասնավորապես՝ պատգամավորները միաձայն ընդունել են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կալանավարված եւ ձերբակալված անձինք հնարավորություն կունենան իրենց պաշտպանների հետ հանդիպել նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին: Հանդիպումների ժամն ու տեւողությունը եւս չի սահմանափակվելու: Առաջին ընթերցմամբ նաեւ ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի վերջնական ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն կընձեռվի ստանալ բարոյական փոխհատուցում այն դեպքերում, երբ նրանց իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել, դրա հետեւանքով կրել են ոչ նյութական վնաս, իսկ պատճառն է եղել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը կամ որոշումը: Եթե ներկայում կա մինչեւ 1 միլիոն դրամ հատուցման հնարավորություն, ապա առաջարկվող նախագծի ընդունումից հետո կլինի մինչեւ 3 միլիոն դրամ հատուցման հնարավորություն:

Կարդացեք նաև

Back to top button