Հասարակություն

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ Վրաստանի «սեւ ցուցակում»

alisagevorgyan
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում: Հոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում նրա այցը Վրաստան խափանվել է: Լրագրողների հետ զրույցում  հուշարձանագետն այսօր  նշել է, որ Վրաստանում երբևէ օրենք չի խախտել և համոզված է, որ  Վրաստանի «սև ցուցակում» հայտնվելու պատճառն իր մասնագիտական գործունեությունն է: Նկատենք, որ Սամվել Կարապետյանի գործունեության արդյունքում հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ նվիրված Վրաստանում ոչնչացված կամ սարսափելի վիճակում հայտնված հայկական հուշարձաններին:

 

Հոկտեմբերի 18-ին Սադախլուի անցակետում Վրաստան մուտք գործելու մերժում ստանալուց հետո  Սամվել Կարապետյանը նամակ է հղել նաև Հայաստանի արտգործանախարարությանը, որտեղից արձագանքը եղել է ընդամենը հետևյալը. «Շատ կարևորում ենք Ձեր գործունեությունը»: Դեպքի առիթով Կարապետյանը զրույց է ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ

Արձագանքի սպասող Կարապետյանը վստահեցնում է՝ Վրաստանում երբևէ օրենք չի խախել և համոզված է, որ «սև ցուցակում» հայտնվելու պատճառն իր մասնագիտական գործունեությանն է առնչվում: Հուշարձանագետն այսօր ներկայացել էր մոտ քսան տարիների  համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում ծնված բազմաթիվ աշխատություններով, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, լցրել են վրացական կողմի համբերության բաժակը:

Կարապետյանի սեղանին, օրինակ 1998-ին հրատարակված «Վրաց պետական քաղաքականությունը և  հայ մշակույթի հուշարձանները» գիրքն է: Այն  պատմում է պետական քաղաքականության արդյունքում ոչնչացված կամ խեղաթյուրված պատմությամբ ներկայացված Վրաստանի հայկական հուշարձանների մասին: Սեղանին է նաև փոքրիկ գրքույկը հարևան երկրի 600 հայկական եկեղեցիների ցանկով: Իր աշխատություններում  մեր Սամվել Կարապետյանն անդրադարձել է ոչ միայն հուշարձաններին, այլև վրացական հողում հայ ազգի ավանդին ընդհանրապես: «Տփղիսի քաղաքագլուխների պատմությունը» գրքում նաև հայազգի քաղաքգլուխների պատմությունն է:

Զարմանալի զուգադիպությամբ ուղիղ տասը տարի առաջ այս օրը Ադրբեջանի նախիջևանյան իշխանություններն իրենց բանակի ուժի գործադրմամբ վերջնականապես բնաջնջեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցն իր հազարավոր խաչքար-հուշարձաններով: Հարևան երկրներում հայկական հուշարձանների պահպանման պայքարի անհրաժեշտությունը բացակայում է, թերևս,  միայն հարևան Իրանում:

«Արդյոք հնարավոր է արդյունավետ պայքար մղել այդպիսի հզոր ճակատով»,-հարցին Կարապետյանի պատասխանը լավատեսական է : «Այո, հնարավոր է»,-ասում է: Իսկ պայքարի զենքն, ըստ նրա, հայկական  բազմաթիվ  հրատարակություններն են՝ չպղծված պատմությամբ:

Back to top button