Ընդունվեց «ԱԱՀ» մասին օրենքում փոփոխություններ սահմանող օրինագիծը
Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն այսօր քվեարկել են երեկ քննարկված հարցերը: 90 «կողմ» ձայնով ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքում փոփոխություններ սահմանող օրինագիծը, որով առաջարկվում է ընդլայնել անմաքս առևտրի կետերի տեղաբաշխումը և դրանք բացել ոչ միայն օդանավակայաններում, այլև` ցամաքային սահմանային անցակետերում ու երկաթուղային կայարաններում: Այս օրենքի ընդունմամբ, փաստորեն, Հայաստանում կավելանան «դյութի ֆրիի» առևտրի կետերը, ընդ որում` ոչ միայն Վրաստանի, այլև` Իրանի հետ սահմաային անցակետերում:
Խորհրդարանն այժմ քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի՝ հիմնական նպատակը անազատության մեջ գտնվողների՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումն ապահովելն է:
Նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ օրենքի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, բայց կառավարությունը չէր շտապում կարգավորել խնդիրը: Պատգամավորը հետաքրքվել է, թե ինչու գործադիրը հիմա որոշեց անդրադառնալ խնդրին: Փոխնախարարը չի ժխտել, որ նախաձեռնության հիմքում նաև ՄԻԵԴ վճիռներից քաղած փորձն է:
«Այս հարցն առկախելու դեպքում ՀՀ-ի դեմ վճիռներ կարող ենք ունենալ» :