

Երևանում այսօր մեկնարկել է «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։ Այն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է: Լավ իրազեկվածությունը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել եւ այդ նշանաբանով էլ համաժողովի նպատակը լրատվամիջոցներին առավել լավ ներգրավելն է հանրային իրազեկման եւ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում:
Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ աղետների ռիսկի նվազեցման լավագույն գործիքներից մեկն աղետի մասին վաղ նախազգուշացումն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Մարգարետա Վալշտրոմի խոսքով՝ մի քանի խոշոր աղետներից հետո պետությունները, գիտակցելով այդ հանգամանքը, սկսեցին ավելի շատ գումարներ ու միջոցներ ներդնել վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման մեջ: Այս առումով ոլորտում կարեւոր նորություն կա՝ երկրաշարժերի նախապես կանխատեսման ու ազդարարման առումով: ՄԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ դա հատկապես շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում:
Երկրաշարժերի վաղ ազդարարման առումով դեռ գիտնականների խումբն ուսումնասիրություններ է կատարում: Առաջարկությունները կատարյալ չեն, սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, հույս ունի, որ շարունակվող ուսումնասիրություններն արդյունավետ կլինեն մարդկանց համար: Նրա խոսքով՝ չպետք է կենտրոնանալ մեկ ուղղության վրա եւ անհրաժեշտ է տարբեր ուղղություններով հնարավոր ռիսկերի մասին մտածել՝ մարդկանց այդ ռիսկերից ապահովագրելու նպատակով: Իրազեկման, ուսուցման, աղետներիի ռիսկի նվազեցման խնդիրը, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի գնահատմամբ, կարծես թե դուրս է մնում զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունից: Ըստ նրա՝ դա արդեն խնդիր է ամբողջ աշխարհում, ուստի միջազգային նման համաժողովների նպատակը այդ բացը լրացնելու ձեւեր գտնելն է:
Որքան դիմակայուն է երկիրը, այնքան փորձությունը նրա կողքով կանցնի եւ որքան խոցելի է երկիրը, այնքան յուրաքանչյուր փորձություն մեծ ցավ ու մեծ կորուստ կպատճառի: Սա Հայաստանում լավ են գիտակցում պատկան մարմինները՝ սեփական փորձով: Հայաստանի ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ վերջին տարիներին մեր երկիրը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջընթաց է ապրել ու հաջողություն արձանագրել:
Հայաստանում արդեն մշակվում են աղետների ռիսկի նվազեցման նոր ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը: Այս առումով կարեւորվում է լրատվամիջոցների դերը, որոնք գործառույթ ունեն աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելման, արձագանքման, վերականգնման ու վերակառուցման՝ եզրափակեց Վաչե Տերտերյանը:




