ԿարևորՔաղաքական

Արտահերթ նստաշրջանը, ԵՏՄ- ի խնդիրներն ու Զարուհի Փոստանջյանի նոր մարտավարությունը

 

տեղադրվել է ժամը 12։32- ին
լրացվել է ժամը 18։11- ին

lenabadeyan

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ գործադիրի առաջարկով ընդգրկված է 36 հարց, 4 միջազգային պայմանագիր: Հաշվի առնելով, որ հերթական նստաշրջանների ժամանակ պատգամավորները չհասցրեցին հասնել Վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան գործունեության եւ 2014թ. հաշվետվության քննարկումներին, ամենայն հավանականությամբ, հարցերը կներկայացվեն արտահերթ նստաշրջանի ընթացքում: Մինչ աշխատանքներին անցնելը՝ պատգամավորները քվեարկեցին վերջին հերթական նստաշրջանում քննարկված հարցերը, քվեարկության դրված բոլոր նախագծերն ընդունվեցին: Միաձայն՝ առանց դեմ եւ ձեռնպահ ձայների, 69 կողմով վավերացվեց ԵԽ կոնվենցիան «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին», որը ՀՀ նախագահը ստորագրել էր 2011 թվականին: Թեեւ օրենսդրության տեսանկյունից որեւէ աղմկահարույց օրինագիծ այսօր չի  քննարկվել, բայց խորհրդարանի աշխատանքն անցել է շատ լարված մթնոլորտում, եղել են նաեւ սկանդալներ: Այդ ամենն ապահովել է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Այսօր պատգամավորներն արտահերթ ռեժիմով աշխատելու համար եկել էին Աժ, բայց շատ դժվար էին աշխատում: «Ժառանգություն> խմբակցությունից  Զարուհի Փոստանջյանը թույլ չէր տալիս կենտրոնանալ քննարկվող թեմաների վրա: Այս պատգամավորը աշխատանքային նոր մարտավարություն է մշակել՝ ելույթի համար գրանցվել բոլոր քննարկումների ժամանակ եւ խոսել բացառապես սահմանադրական հանաքվեի, նկատած խախտումների, «Նոր Հայաստան» դաշինքի հետագա անելիքների եւ քաղաքացիական անհնազանդության մասին:

Առաջին նիստի ընթացքում իրավիճակը դեռ կառավարելի էր՝ ամեն ինչը սահմանափակվում էր խոսափողն անջատելով: Ի վերջո՝ սրա հակաքայլն էլ գտավ պատգամավորն ու հերթական ելույթի ժամանակ պաշարեց Աժ ամբիոնը: Նիստը նախագհող Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  շուրջ 10 րոպե փորձեց օգտագործել համոզելու տարատեսակ հնարքները, բայց դա իրեն չհաջողվեց, արդյունքում՝ հայտարարեց 30 րոպե ընդմիջում։

Աժ փոխնախագահը պատգամավորին սպառնաց նաեւ կիրառել կանոնակարգ օրենքով նախատեսված բոլոր պատիժները «կարգազանց» որակվող պատգամավորների հանդեպ՝ դա եւ ձայնի իրավունքից զրկելն է, եւ դահլիճից հեռացնելը: Բայց պարտադրված ընդմիջումից հետո տարաձայնությունները հարթվեցին, թեեւ Զարուհի Փսոստանջյանը շարունակեց իր ընտրած մարտավարությունը:

Ահա այսպիսի պայմաններում քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, համաձայն որի՝ անմաքս առեւտրի կետերը» Հայաստանում հնարավոր է ավելանան:

Հարցն առիթ հանդիսացավ խորհրդարանում բարձրացնելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ի հայտ եկած խնդիրները: Ի դեպ՝ դժգոհում էին բոլոր այն պատգամավորներն, ովքեր ժամանակին «կողմ» քվեարկեցին ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանն անձամբ է տեսել եւ հանդիպել բոլոր այն գրված եւ չգրված կանոններին, որոնք խոչընդոտում եւ դժվարացնում են Հայաստանի քաղաքացիների կյանքը ռուսական օդանավակայաններում, նույնիսկ եթե Ռուսաստանը պարզապես տարանցիկ ուղի է:

Մեկ այլ խնդիր էլ մատնանշեց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը. Այն տրամաբանությամբ՝ «իրենք մեր անմաքսից օգտվեն, իսկ մենք ո՞չ»: Պատգամավորը նկատի ուներ Մոսկվայի օդանավակայաններում Երեւան ուղեւորվողների «Դյութի ֆրի»- ներից օգտվելն արգելելը։

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հաստատեց, որ նման խնդիր գոյություն ունի, որ դա ընդունելի չէ Հայաստանի համար, որ փորձ է արվում այն լուծել:

Նախատեսվում է, որ Աժ-ի արտահերթ նստաշրջանը կտեւի մի քանի օր, քանի որ օրակարգում ընդգրկված է շուրջ 40 հարց:

 

Կարդացեք նաև

Back to top button