

Սահմանադրական հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին միջանկյալ տեղեկատվությամբ է այսօր հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը: Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 12 քրեական գործ: 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 49 նյութ այս պահին ընթացքի մեջ է: Արամ Թամազյանը շեշտել է, որ իրենք պատասխանատու են իրենց ուղարկված այդ նյութերի ընթացքը լուծելու համար, իսկ մնացած քննարկումները, որոնք կան ընդդիմադիր ճամբարներում քաղաքական են, որոնք դուրս են իրենց լիազորություններից:
Քննչական կոմիտեում ստացած 201 հաղորդումներից, հրապարակումներից եւ ահազանգերից 124-ը վերաբերել է Երեւան քաղաքում, իսկ 77-ը՝ մարզերում արձանագրված ենթադրյալ իրավախախտումներին՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը: Կատարված վերլուծությամբ Քննչական կոմիտեն արձանագրել է, որ ձեւավորված 1997 տեղամասերից 1839-ում, որը կազմում է 92.1 տոկոսը, անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որեւէ հաղորդում, լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ չի ստացվել:
Հարուցված 12 քրեկան գործերից 8-ն առնչվում են Երեւան քաղաքի տարբեր տեղամասերում արձանագրված ենթադրյալ խախտումների փաստերին, իսկ 4-ը՝ մարզերի: Արամ Թամազյանի տեղեկացմամբ՝ քրեական գործերից 10-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, զլմների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: 2 քրեական գործ եւ 3 նյութ Քննչական կոմիտեի կողմից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Արամ Թամազյանի փոխանցմամբ՝ բոլոր գործերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն զետեղված է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում:
«Ընթերցողի ահազանգի հիման վրա՝ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները եւս քվեարկել են» հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Դժվար չէր մինչեւ հրապարակումը ճշտել ընտրացուցակներից, որ Ավետիսյանների անունները հանված են եղել այդ ցուցակներից՝ նկատեց Արամ Թամազյանը: Հաղորդումների, հրապարակումների, ահազանգերի մի մասում որպես դիտորդների լիազորությունների իրականացման խոչընդոտում ներկայացվել է ընտրողների ստորագրած ցուցակներին հետեւելուն, դրանցում եղած տեղեկատվությանը ծանոթանալուն, լուսա եւ տեսանկարահանելուն արգելք հանդիսանալը: Մինչ դեռ նման բան արգելվում է օրենքով:
Հերքվել է նաեւ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Գյումրիում բռնություն է կիրառվել հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանի նկատմամբ՝ հավելեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Այս եւ նմանօրինակ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռեւս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին՝ շեշտեց Արամ Թամազյանը:
Նա ասաց նաեւ, որ ամփոփումները շարունակվում են եւ օրենքով սահմանված ժամկետներում կլուծվեն այս պահին ընթացքի մեջ գտնվող 49 նյութերի եւ հնարավոր նոր դիմումների, հրապարակումների, ահազանգերի ընթացքը: Նրա փոխանցմամբ՝ այս պահին հարուցված 12 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձիք չկան, սակայն, կլինեն եւ այդ մասին Քննչական կոմիտեն իր լրատվական ծառայության միջոցով կտեղեկացնի հանրությանը: Արամ Թամազյանը չբացառեց նաեւ, որ այս պահին ընթացքի մեջ գտնվող 49 նյութերի արդյունքում նույնպես նոր քրեական գործեր հարուցվեն, քանի որ, որոշ դեպքերում իրենք տեսնում են քրեական գործ հարուցելու հիմքեր:




