

«Անմաքս առեւտրի կետերը» Հայաստանում հնարավոր է ավելանան: Կառավարությունն առաջարկում է փոփոխություն մտցնել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում:
Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով, օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որպեսզի անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանների տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև նմանօրինակ հնարավորություն է ընձեռնվում ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերին:
«Օրենքի ընդունումից հետո ՀՀ ցամաքային բոլոր անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում հնարավորություն է ընձեռնվելու, որպեսզի գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից: Այսօր կա նման կետ, որն ավելացված արժեքի հարկից չի ազատում՝ ի տարբերություն օդանավակայանում գործող կետի»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:
Քանի որ խորհրդարանում քննարկվում է «անմաքս առեւտրի կետերի» հարցը, պատգամավորներ Միքայել Մելքումյաննն ու Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեցին, թե ինչու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ քաղաքացիներին Երեւան թռչելուց առաջ չի թույլատրվում օգտվել ԵՏՄ անդամ պետությունների օդանավակայաններում գործող «Դյութիֆրի»-ներից: Էկոնոմիկայի փոխնախարարը հաստատել է, որ նման խնդիր գոյություն ունի, որ այն ընդունելի չէ Հայաստանի համար եւ որ հարցը բարձրացվել է ԵՏՄ շրջանակներում:
Այս հարցի քննարկման ժամանակ նույնպես գրանցվել է սկանդալ. Զարուհի Փոստանջյանը բառի բուն իմաստով «պաշարել էր» Աժ-ի ամբիոնը եւ հրաժարվում էր հեռանալ՝ մինչեւ նիստը նախագահողը թույլ չտա իրեն ավարտել նախատեսված ելույթը: Նիստը նախագահող Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շուրջ 10 րոպե փորձեց համոզել Փոստանջյանին լքել ամբիոնը, բայց դա իրեն չհաջողվեց: Շարմազանովը ընդմիջում հայտարարեց:




