

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ գործադիրի առաջարկով ընդգրկված է 36 հարց, 4 միջազգային պայմանագիր: Հաշվի առնելով, որ հերթական նստաշրջանների ժամանակ պատգամավորները չհասցրեցին հասնել Վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան գործունեության եւ 2014թ. Հաշվետվության քննարկումներին, ամենայն հավանականությամբ, հարցերը կներկայացվեն արտահերթ նսրաշրջանի ընթացքում: Մինչ աշխատանքներին անցնելը, պատգամավորները քվեարկեցին վերջին հերթական նստաշրջանում քննարկված հարցերը, քվեարկության դրված բոլոր նախագծերն ընդունվեցին: Միաձայն՝ առանց դեմ եւ ձեռնպահ ձայների, 69 կողմով վավերացվեց ԵԽ Կոնվենցիան «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին», ոը ՀՀ նախագահը ստորագրել էր 2011 թվականին:
70 կողմ 15 դեմ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ պատգամավորից ոմանք տպավորություն էին ստացել, որ այս նախագծով ստիպելու են քաղաքացիներին կուտակային կենսաթոշակի վճարումներ անել:
Իսկ խնդիրն այն է, որ քաղաքացիներից կուտակային կենսաթոշակի պահումները կատարելիս գործատուները չեն շտապում այդ գումրը փոխանցել համապատասխան ֆոնդեր: «Առաջին տասը ամիսներին արդեն 262 մլն դրամի պարտավորություն է կուտակվել»,- հարցի քննարկման ժամանակ ասել է տնտեսական հարցերի մշտկան հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Կառավարությունն այժմ ցանկություն ունի՝ ի դեմս հարկային մարմինների, վերահսկել այդ գումարներիների փոխանցումը: Ավելին՝ պարտավորությունների չկատարման դեպքում կարող է արգելանք դրվել գույքի վրա: Պատգամավորների մեկնաբանությունները կանխելու եւ անհանգստությունները փարատելու համար, թե իբր այս փոփոխությունը վերաբերում է քաղաքացիներին եւ ոտնահարելու է քաղաքացու իրավունքները, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փոփոխության իմաստը բացատրել էր այսպես. «Այս նախագիծը վերաբերվում է քաղաքացիների գործատուների կողմից իրենց պարտավորությունների չկատարելու համապատասխան գործիքակազմի կիրառությանը: Սոցիալական վճարն իրենից չի ներկայացնում գործատուի սեփականությունը, դա իրենից ներկայացնում է վարձու աշխատողի սեփականությունըեւ գործատուն պետք է գումարը հասցնի տեղ»:




