

Հատկապես սահմանադրական հանրաքվեից հետո հասարակության մեջ կրկին թարմացել են խոսակցությունները նոր իշխանական կոալիցիա ստեղծելու մասին: Նույնիսկ որոշ քաղաքական ուժերի անուններ են նշվում: Խորհրդարանական կառավարման համակարգի ացնելու պայմաններում իշխող կոալիցիայի ձեւավորումն անխուսափելի է, բայց լուրերը տարածվում են իբրեւ որոշ քաղաքական ուժերի «պարգեւատրում»-ը շեշտադրելու համար:
Ակնհայտ է, որ խորհրդարանում արդեն հաստատված 2016-ի բյուջեն՝ բոլոր ցուցանիշներով անհամեմատ համեստ է նախորդ բոլոր բյուջեներից: Բայց զարմանալի մի փաստ արձանագրվեց քվեարկության ժամանակ՝ պահպանողական, խղճուկ, իրատեսական, սոցիալական եւ այլ բնութագրեր ստացած փաստաթղթին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, այդ դեպքում, երբ տարբեր տարիներին ավելի մեծ տնտեսական աճեր, տարատեսակ աշխատավարձերի, նպաստների եւ կենսաթոշակների բարձրացում կանխատեսող նախկին բյուջեներն ավանդաբար ընդունվել են 70-71 կողմ քվեարկությամբ: Այդպես է եղել 2013-ի, 2014-ի եւ 2015-ի բյուջեների հաստատման ժամանակ: Այս տարվա քվեարկությունը տարբերվում է նաեւ «դեմ» քվեարկածների մասով: Ընդամենը 12 պատգամավոր է նման դիրքորոշում հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում հանրապետականի հետ համագործակցող Դաշնակցությունն այս հարցում հրաժարվեց քվեարկությունից: Բայց դա չի նշանակում, որ իրենք դեմ են, շտապում է հստակեցնել Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կարո՞ղ եք մի տեղ, մի տող, մի պաշտոնական խոսք բերել, որ դաշնակցությունն ասել է, որ դեմ են քվեարկելու: Ես ասել եմ. «դաշնակցությունը կողմ, պաուզա եմ տվել, չի քվեարկելու»: Որպեսզի դուք հասկանանք, որ եւ կողմ չենք քվեարկելու, եւ չենք քվեարկելու»:
Ի՞նչ է սա նշանակում եւ արդյո՞ք ճիշտ են հանրաքվեից հետո տարածված խոսակցությունները, թե Դաշնակցությունը խոստումներ է ստացել ապագա կոալիցիայում հայտնվելու համար: Նման լուրերը առաջինը շտապում է հերքել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Նման բանակցություն եւ նման քննարկումներ մեր կուսակցությունում չենք արել եւ նման խոսակցություններ չկա: բայց հանրապետական կուսակցությունը երբեք չի խուսափել կոալիցիաներից եւ մենք պատրաստ ենք՝ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կկիսեն մեր գաղափարախոսությունը, մեր ծրագրերին ընդառաջ կգնան եւ ընդհանուր առմամբ, պատրաստ կլինեն պատասխանատվություն կրելու, մենք պատրաստ ենք այդ քաղաքական ուժերի հետ բանակցել»:
Հնարավոր կոալիցիայի ստեղծման հավանականությունը հերքում է նաեւ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը: Ըստ լուրերի՝ կոալիցիայի երրորդ անդամը կարող է լինել հենց ԲՀԿ-ն:
«Որեւէ քննարկում չկա կոալիցիայի մասին, չի էլ եղել: Մենք քաղաքական առեւտուր չենք անում: Ես ինքնաբավ մարդ եմ, եւ մեր կուսակցությունում էլ ինքնաբավությունը շատ բարձր մակարդակի վրա է, ի՞նչ պարգեւատրման մասին է խոսքը: Հիմա իշխանությունը հասկացել է, որովհետեւ հիմնական քաղաքական ուժերը նաեւ խոսել են իշխանության հետ, նաեւ քննարկել են, որ երկիրը հայտնվել է այնպիսի մի եզրի վրա, որ եթե դրանից հետո շարունակվի կառավարման այն կարգը, այն բովանդակությունը, որ մինչեւ հիմա կա մենք լավ բանի չենք գնա: Ես հավատացած եմ, որ այդ ընկալումն իշխանության կողմից հստակ կա, որ պետք է փոխվի կառավարման եւ հասարակական կարգին առնչվող բոլոր տիպի մոտեցումները, սկզբունքները եւ մենք կոնսենսուսով շարժվենք առաջ»:
Ու չնայած հերքումներին, ԲՀԿ-ից պատգամավորը միաժամանակ պնդում է՝ սահմանադրական փոփոխություններից հետո կոալիցիան անխուսափելի է, քանի որ միայն մեկ քաղաքական ուժը հնարավորություն չի ունենում ստանձնել երկրի ղեկավարումն ու պատասխանատվությունը:




