
Քրիստոնյա հայերը ապրում են Իրանում հազարավոր տարիներ եւ նրանք այնտեղ հաստատվել են դեռ Քրիստոսից առաջ։ Ըստ պատմական ապացույցների ու մասունքների՝ հայերի գոյությունը Իրանում թվագրվում է դեռ մ.թ.ա. 5- 6- րդ դարերից։ Այդ ժամանակից ի վեր Իրանում, ինչպես նաեւ այլ երկրներում, հայերը պահպանել են իրենց սեփական ավանդույթները և լեզուն, հաղորդում է Քուվեյթի նորությունների գործակալությունը։
Գործակալության հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Սարգսյանը (նա 1998-99 թթ եղել է Քուվեյի թեմի առաջնորդը, խմբ.) նշել է, որ դեռևս հին ժամանակներից հայերը շատ ակտիվ գործունեություն են իրականացրել Իրանում՝ մշակույթի, մարդասիրական, գրական, ռազմական ոլորտներում:
Սեպուհ եպիսկոպոսը նաև նշել է , որ մեծ թվով հայեր ապրում են Թեհրանում: Նա հաստատել է, որ Իրանում, ի տարբերություն այլ երկրների, հայերն ունեն համայնքային գործունեության ազատություն. անցկացնում են ծեսերն առանց որեւէ սահմանափակման։ Սրբազանը հավելել է, որ իշխանությունները խրախուսում են հայերին՝ պահպանելու իրենց կրոնական ինքնությունը։




