ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայերը շարունակելու են Թուրքիային կոչ անել ճանաչել Ցեղասպանությունը.Վիգեն Սարգսյան

Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, դեկտեմբերի 10-ին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։

Վիգեն Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երևանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ բանախոսն ասել է, որ հայ ժողովուրդը, որ ենթարկվել է կոտորածների իր պատմական հայրենքում, ունեզրկվել է, այնուամենայնիվ, կարողացել է վերապրել, վերագտնել պետականությունը՝ մոբիլիզացնելով իր ուժերը, լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլև փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։

«Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև ցեղասպանությունների թեման այսօր էլ արդիական է, այն շարունակվում է հատկապես այս տարածաշրջանում։ Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլև ստիպված ենք և պարտավոր ենք խոսել այդ մասին»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այն առանցքային ծրագրերը, որոնք 2015 թվականի ընթացքում իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, և  որոնց նպատակն աշխարհին ճշմարտությունը փոխանցելն ու հետագա ոճիրները կանխելն է։

Բանախոսը հավելել է նաև, որ հայերը շարունակելու են Թուրքիային կոչ անել ճանաչել Ցեղասպանությունը, առերեսվել պատմությանը և դադարեցնել մաս կազմել այն մեծ ոճրին, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ։

Հանդիպման վերջում Վիգեն Սարգսյանը պատասխանել է եվրոպացի երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայկական սփյուռքին, հայ-ռուսական հարաբերություններին և այլ թեմաների։

Հիշեցնենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում հյուրընկալվել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով։ Վերջինս եվրոպական այս կազմակերպության անդամ է։

Այսօր EDS-ի պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Back to top button