Հասարակություն

Լարիսա Ալավերդյան.Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում արձանագրել է առաջընթաց

karenghazaryan
Բոլոր թերություններով հանդերձ՝ խոսքի ազատության առումով Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում արձանագրել է առաջընթաց: Այս կարծիքն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ Լարիսա Ալավերդյանը նաեւ շեշտել է, որ մարդու իրավունքների ոլորտի հետ կապված խնդիրներում իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս անգրագետ դիտարկումներով:

 

Չնայած լրագրողների նկատմամբ ժամանակ առ ժամանակ արձանագրվող բռնությունների, Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ պետք է հստակորեն արձանագրել, որ Հայաստանում այսօր խոսքի ազատության առումով իրավիճակը փոխված է դեպի լավը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում առաջընթաց ունենք նաեւ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության առումով: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այստեղ էլ դա գրանցվել է ոլորտի հասարակական կազմակերպությունների ակտիվության շնորհիվ: Նրա գնահատմամբ՝ հաշմանդամների իրավունքներով աշխատող ՀԿ-ները գործում են գրագետ եւ հասնում իրենց նպատակներին՝ թեպետ շատ դանդաղ, ինչը խոսում է իշխանությունների ոչ շատ զգայուն եւ ոչ նորմալ արձագանքող լինելու մասին: Դրանք, Լարիսա Ալավերդյանի ձեւակերպմամբ, ամենաաչքի ընկնող ոլորտներն են: Ըստ նրա՝ մարդու իրավունքների մյուս ոլորտներում իր դիտարկումները խոսում են ոչ պատշաճ ձեւով մարդու իրավունքների իրացման, քան նվաճումների մասին: Օրինակ, ըստ նախկին օմբուդսմենի, աշխատանքային, սեփականության իրավունքներն անընդհատ, անգամ՝ սահմանադրական փոփոխություններով, ավելի խոցելի են դառնում:

Հայաստանի առաջին օմբուդսմենի գնահատմամբ՝ զգալի խնդիրներ կան նաեւ քաղաքական իրավունքների իրացման ոլորտում եւ դա ցույց տվեց նաեւ վերջին հանրաքվեն: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իշխանության ներկայացուցիչները արձանագրված խախտումների մասին տոկոսներով են խոսում՝ փոխանակ, թեկուզ մեկ դեպքի պարագայում, մեղայով հանդես գան՝ փորձելով բացատրել, թե ինչու այդ դեպքերը չեն հայտնաբերվում ու պատժվում պատկան մարմինների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button