

Խորհրդարանը շարունակում է այս նստաշրջանի վերջին հերթական քառօրյայի աշխատանքը: Պատգամավորներըն այսօր քվեարկել են երեկ քննարկված մոտ մեկ տասնյակ օրինագծերն ու վերսկսել Բյուջեի 2016-ի նախագծի քննարկումը: Այն ընթացել էր նախորդ քառօրյայի ընթացում և ընդմիջվել առաջարկությունների ներկայացման համար:
ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ խորհրդարանից կառավարությունը 324 առաջարկություն է ստացել: Դրանցից 16-ը ստացվել է ԱԺ մշտական հանձնաժողովներից, 198-ը՝ խմբակցություններից: 110 առաջարկ էլ ներկայացրել են անհատ պատգամավորները, ընդ որում դրանցից 50-ը եղել են Հրանտ Բագրատյանի առաջարկները: Ամբոջությամբ ընդունվելու դեպքում խորհրդարանի առաջարկները բյուջեի եկամտային հատվածը կավելացնեին 15, իսկ ծախսերը ՝ մոտ 14 մլրդ դրամով:
«Նախագիծը իրատեսական է, պետության գործառույթների իրականացման տեսանկյունից հավասարակշռված, կազմված է գլոբալ տնտեսական և տարածաշրջանային իրողություններին համահունչ, այդ իմաստով նաև որոշ չափով հավակնոտ: 2016 թ. բյուջեի կատարումը, չնայած դրա այսպես կոչված համեստ ցուցանիշներին, զգալի ջանքեր կպահանջի կառավարությունից»:
Ֆինանսաների փոխնախարարն անդրադարձել է նաև խորհրդարանում հնչած քննադատությանը, մասնավորապես գնահատականին, որ բյուջեի ցուցանիշները խիստ համեստ են և զարգացման հնրավարություն չեն ընձեռում: Դրանք արտացոլում են մեր երկրի առջև ծառացած տնտեսական, նաև արտաքին անբարենպաստ գործոններով պայմանավորված խնդիրները՝ ասել է Սաֆարյանը և նշել, որ հաջորդ տարվա բյուջեի կատարումը լուրջ ջանքեր է պահանջելու:
Պատգամավորներն այսօր նաև ՀՌԱՀ անդամներ են ընտրելու: Երեկ խորհրդարանն արդեն լսել է թեկնածուներին՝ Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին եւ Արմեն Մկրտչյանին: Հիշեցնենք՝ Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՀՌԱՀ անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Քվեարկությունը տեղի կունենա այսօր, ժամը 13. 30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:




