

ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծվել է «ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն»: Ինչպիսի գործառույթներ են վերապահված պաշտպանական գերատեսչության կազմում ստեղծված այս նոր կառույցին, ինչով էր պայմանավորված դրա ստեղծման անհրաժեշտությունը և որքանով այն կնպաստի հայկական բանակի հզորացմանն ու կատարելագործմանը: Հարցերի պատասխանները «Ռադիոլուրը» փորձել է պարզել նորաստեղծ կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի հետ զրույցում:
Պաշտպանության նախարարության կազմում ստեղծված նոր կառույցի հիմքում ոլորտում համակարգային փոփոխություններն են մասնավորապես երկու ուղղություններով՝ մարդու իրավունքներ և բարեվարքության ամրապնդում: Ինչպես նշում է կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, բարեվարքության ծրագիրը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող կոնկրետ նախագիծ է, որը միտված է բանակում կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, կառավարման մեխանիզմների կատարելագործմանն ու էթիկայի անհրաժեշտ նորմերի կիրառմանը՝ ԶՈՒ-ում և, ընդհանրապես, պաշտպանության ոլորտում:
Բարեվարքության ամրապնդումը ենթադրում է ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող կրթական, ինչպես նաև սպայական կազմի վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: «Հակակոռուպցիոն միջոցառումներն իրականցվում են նաև կրթության, ինչպես նաև մտածողության փոփոխության միջոցով»,-ասում է փոխգնդապետ Ավետիսյանը:
Որպես օրինակ նշում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ տարիներ առաջ մշակված և հրատարակված «Զինվորական առաջնորդություն, զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկը, որի հիմքում բանակում չափազանց կարևոր նշանակություն ունեցող փոխհարաբերությունների խնդիրն է:
Լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև զինկոմիսարիատներում, որոնք հասարակության շրջանում բանակի հեղինակության ձևավորման տեսանկյունից կարևոր օղակ են հանդիսանում: Վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարն այս օղակներում բավականին արդյունավետ է եղել: «Իրավապահ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասում է Ավետիսյանը: Նրա ղեկավարած նոր մարմնի խնդիրն այս ոլորտում կանխարգելող, ինչպես ասում է, պրոֆիլակտիկ գործողություններն են: Դրանք ենթադրում են ոչ միայն բացատրական աշխատանքներ, այլև վերահսկման կոնկրետ մեխանիզմներ, նաև ՝ օրենսդրական փոփոխություններ: Մարդու իրավունքների ոլորտում կառույցի ստանձնած դերն, ըստ էության, հեռու է մեզ արդեն ծանոթ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներից:
«Օմբուդսմենի դեր չենք ստանձնելու»,-ասում է «ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի» ղեկավարը՝ պարզաբանելով. «Այս ոլորտում ևս փոփոխությունները համակարգային բնույթ են կրում: Դրանք ներառում են իրավիճակի խորքային վերլուծություններ, օրենսդրական փոփոխություններ և այլն: Առանցքային ուշադրության կենտրոնում կլինի միջազգային դրական փորձը»:




