

Առայժմ ամփոփվել են հանրաքվեի նախնական արդյունքերը, մինչև արդյունքների վերջնական ամփոփումը 7 օրյա ժամանակահատված կա, որի ընթացքում էլ քննության կառնվեն ընտրախախտումների մասին բողոքներն ու համապատասխան եզրակացություններ կարվեն ՝ ԿԸՀ նիստից ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա անդրադարաձել է խախտումների մասին արձանագրումներին, գնահատականներին ու կրկնել այն մոտեցումը, որ դրանց ընթացք տալու ճանապարհը գրավոր բողոք դիմումների ներկայացումն է: ՀԸՀ-ն դեռ գրավոր բողոքներ չի ստացել:
Քվեարկության ընթացքի, ձայների հաշվարկի վերաբերյալ տարաբնույթ գնահատականներ, մեկնաբանություններ կարող են լինել՝ ասում է Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և կրկնում արդեն ծանոթ դիտարկումն այն մասին, որ յուրաքանչյուր բողոք պետք է փաստական հիմք ունենանա և որ դրան իրավական ընթացք տալու համար պարտադիր է դիմում բողոքների ներկայացումը:
«Եթե ներկայացվեն, ապա բոլորը սահմանված ժամկետներում կքննարկվեն ու դրանց վերաբերյալ պատշաճ իրավական դիրքորոծումներ կհայտնվեն: իսկ քաղաքական գնահատականներ մեկնաբանություններ միշտ էլ հնչել են ու կարող են էլի հնչել»:
Այսօր հանձնաժողովը նիստ հրավիրեց և ամփոփեց հանրաքվեի նախնական արդյունքները, համաձայն որոնց քվեարկողների մոտ 63 տոկոսը կողմ է Սահմանադրության փոփոխությանը, մոտ 32-ն էլ դեմ: Հանձնաժողովի նիստում որևէ անդրադարձ չեղավ քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ տեղ գտած խախտումներին: Այս դիտարկմանն ի պատասխան հանձնաժողովի նախագահը հորդորեց տարանջատել գործընթացները. օրենսդրության պահանջով նախնական արդյունքներն ամփոփովում են հանրաքվեին հաջորդող օրվա ընթացքում, վերջնական արդյունքների ամփոփոման համար 7 օրյա ժամկետ է սահմանվում.
«Դա ոչ թե ինքնանպատակ ժամանակահատված է, այլ ժամանակահատված, որը նախատեսված է հենց առկա դիմում-բողոքների քննության և դրանց արդյունքում կայացված որոշումներով վերջնական եզրահանգումներ ձևավորելու համար»:
Տիգրան Մուկուչյանը հայտարարեց նաև, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որևէ գրավոր դիմում-բողոք մինչ նախնական արդյուքների հրապարակումը չի ստացել: Մինչդեռ երեկ կեսգիշերից հետո «Ոչ»-ի շտաբը հայտարարեց, որ խախտումները համակարգային բնույթ են ունեցել՝ ներառելով ընտրակեղծարարության ողջ զինանոցը: Ըստ Ոչ-ի շտաբի՝ եղել են և լցոնումներ, և բռնություններ, և հանձնաժողովի աշխատանքների դադարեցում, և բազմակի քվեարկություններ:
Երեկ Ոչ-ի ներկայացուցիչները հանրաքվեի ավարտից հետո հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում՝ ԿԸՀ նախագահի հետ հանդիպելու ակնկալիքով: Հանդիպումը չկայացավ՝ լրագրողներն այս դիտարկմանն ի պատասխան Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել:
«Այսինքն չի անտեսվել: Մենք արձագանքեցինք հաղորդագրությամբ և պարզաբանեցինք, որ իրականցնում ենք իրավական ընթացակարգեր: Իսկ եթե կա դիմում, ապա որևէ խոչըդոտ չկա այն ներկայացնելու: Հակառակ դեպքում տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցները որևէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում»:
Լրագրողները բոլոր դեպքերում Տիգրան Մուկուչյանին խնդերցին որևէ գնահատական տալ տեղ գտած խախտումներին, հանրաքվեի արդյունքի վրա դրանց ազդեցությանը, թեկուզ ընդհանրական կամ առաջին հայացքից:
«Առաջին հայացքից գնահատելը ճիշտ չեմ համարում, թեկուզ միայն այն պատճառով, որ օրինակ մեր կողմից ուսումնասիրված հաղորդագրություններից շատերը չէին համապատասխանում իրականությանը, մի մասն ուղղակի աղերս չուներ իրականության հետ, մյուսներն էլ մասամբ էին համապատասխանում»:
Հիշեցնենք, հանրավքեի վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի դեկտեմբերի 13-ին ՝ կամ հանրաքվեի օրվանից 7 օր հետո, իսկ այսօր ժամը 12-ից մինչև 18-ը կսպասի ձայների վերահաշվարկ պահանջող դիմումների:




