

Աժ-ի հերթական քառօրյա աշխատանքն այսօր պատգամավորները սկսեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դրանով էլ ավարտվեց պատգամավորների միասնությունը: Երեկ կայացած հանրաքվեի մասին փորձեցին խոսել թե Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը, թե՛ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Աժ-ի նախագահությունն այդպես էլ թույլ չտվեց երկուսից որեւէ մեկին ավարտել խոսքը: Դրանից հետո ՀԱԿ խմբակցությունը դիմեց ծայրահեղ քայլի:
Այն բանից հետո, երբ կրկին անջատվեց պատգամավորի խոսափողը դահլիճը ցուցադրաբար լքեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը 7 հոգանոց է եւ բոյկոտի որոշումը կայացնելուց հետո խմբակցության մյուս պատգամավորները մնացին դահլիճում: Այն պահին, երբ պատգամավորները հեռանում էին դահլիճից Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ զսպել իր մեկնաբանությունը:
«Տեսա՞ք քանի հոգի է նրանց խմբակցությունը: Դե հիմա նայեք, թե քանի հոգի բոյկոտեց ու դուրս եկավ»:
Միջադեպից հետո Աժ-ն անցավ բնականոն ընթացի եւ քվեարկությամբ պետք է որոշեր՝ արդյո՞ք պետք է օրակարգ ներառել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի Հայաստանի տարածքների բռնազավթումը՝ օկուպացիան եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել: Այս հարցի ընթացքում նույնպես եղավ ընդհարում՝ նախագծի հեղինակի Աժ-ի նախագահի միջեւ:
«ՀՀԿ որոշում է ընդունել քվեարկության չմասնակցել»:
Քվեարկությանը չմասնակցելու որոշում կայացրել էր նաեւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը: Քվեարկեց ընդամենը 11 պատգամավոր՝ կողմ 8, դեմ 1, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց եւ նախագիծը չընդգրկվեց օրակարգ:




