Հասարակություն

Երկրաշարժից 27 տարի անց. բնակարանային խնդիրը կլուծվի մինչեւ 2016 թ-ի ավարտը

Նկարները՝ Մեդիա կենտրոնի
alisagevorgyan
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մինչև 2016 թվականի ավարտը: Քաղաքաշինության նախարարությունն այսպիսով  ավարտին կհասցնի  աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման պետական ծրագիրը»,-այս մասին Մեդիա կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում այսօր տեղեկացրել է նախարարության բնակարանային քաղաքականության և կումունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը: Ինչպես եք գնահատում իրականացված ծրագրերը հարցին, մամուլի ասուլիսին Գյումրիից տեսակապով միացած «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի արձագանքը բավականին սուր է եղել:

2008 թվակնից սկիզբ առավ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագիրը, որը զուտ պետության միջոցներով իրականացվող ամենածավալուն ծրագիրն է: Ծրագիրն առաջին հերթին պետք է  լուծեր աղետի գոտու բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների, ինչպես նաև գյուղական համայնքներում անհատական բնակարանային ֆոնդում գրանցված բնակելի տուն կորցրած ընտանիքների խնդիրները:

Ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման գործառույթն իրականացնում է Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը՝ առաջնորդվելով  համապատասխան համայնքների կողմից հաստատված հերթացուցակներով: Նախարարության բնակարանային քաղաքականության և կումունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանի տվյալներով ծրագրի շահառու  ճանաչված 5363 ընտանիքներից  4398 –ի բնակարանային խնդիրն այս պահի դրությամբ  լուծված է: Մնացած 965 ընտանիքների խնդիրը նախատեսվում է լուծել մինչև 2016 թվականի ավարտը:

Ինչպես եք գնահատում իրականացված ծրագրերը հարցին, մամուլի ասուլիսին Գյումրիից տեսակապով միացած «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի արձագանքը բավականին սուր էր: Նախ նշեց, որ աղետի գոտու անօթևանների խնդիրն այնքան է սրվել, որ մեկ նախարարության գործառույթի շրջանակներում այն այլևս տեղավորել չի կարելի:

«Երկրաշարժից 27 տարի անց մարդիկ շարունակում են ապրել ծայրահեղ ծանր  պայմաններում: Հայասատանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աղետի հետևանքների վերացման ամենաերկարատև  ծրագիրն իրականացնող երկիր: Երկորոդ համաշխարհայինի հետևանքների վերացման համար անգամ այդքան ժամանակ չի պահանջվել»,-դառը հումորով նկատում  է Վահան Թումասյանը:

Խոսելով նաև թվերի լեզվով, Վահան Թումասյանն արձանագրեց.«Այս պահին միայն Գյումրիում տնակային ծայրահեղ ծանր պայմաններում ապրում է 2700 ընտանիք, որոնցից 1000-ը անօթևանների հերթացուցակներում գրանցված ընտանիքներն են: Հարյուրավոր ընտանիքներ ծրագրից դուրս են մնացել  ժամանակին չգրանցվելու, տարբեր չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, բայց թվերը շարադրելով մարդկանց վիճակը չի փոխվում: Սա սոցիալական պայթյունավտանգ իրավիճակ է»,-ասում է Վահան Թումասյանը:

Արձագանքելով ներկայացրած թվային տվյալներին, քաղաքաշինության նախարարության պաշտոնյան նկատեց, որ վերը նշված 2700  ընտանիքներն անօթևան են դարձել ոչ երկրաշարժի հետևանքով, ուստի ծրագրի  շահառուներ չեն համարվում: Իսկ բնակարանային խնդիրը ոչ միայն աղետի գոտում, այլև ողջ հանրապետության  ամենացավոտ հիմնախնդիրների շարքում է:

Կարդացեք նաև

Back to top button