Քաղաքական

Հանրաքվեի օրը ընտրատեղամասերում լուրջ հսկողություն կլինի. դիտորդներ

Նկարը՝ Մեդիա կենտրոնի

lenabadeyan
«Մեդիա» կենտրոնում դիտոդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն այսօր խոսել են «Հանրաքվեի նախապատրաստական փուլի գնահատում» թեմայով: Հանդիպմանը ներկա էին նաեւ եվրոպացի փորձագետներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել գրանցվել որպես դիտորդ, բայց ամեն դեպքում՝ նրանք լինելու են ընտրատեղամասերում: Որոշ խախտումների մասին այսօր նույնպես արդեն խոսվել է:

 

 

Հանրաքվեի նախօրեին այսօր պարզվեց, որ եվրոպական կառույցների ներկայացիչները հնարավորություն չեն ստացել գրանցվել որպես դիտորդ դեկտեմբերի 6-ին  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետեւելու համար: Այս հայտարարություննն այսօր արեց Նորվեգյան հելսինկյան կոմիտե, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդը:

«Մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, և որոշ ժամանակ անց պարզվեց, որ մենք չենք կարող լինել որպես միջազգային դիտորդ»:

Միջազգային փորձագետներն այդպես էլ չեն կարողացել որեւէ տեղեկատվություն գտնել, թե Հայաստանում անցկացվելիք Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինչպես կարող են հավատարմագրվել դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Թրանսփարենսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի գնահատականներով՝ հավատարմագրման փուլում  միջազգային դիտորդների հանդիպած դժվարությունները անհասկանալի բյուրոկրատական գործընթացների եւ աշխատանքները չկոորդինացնելու հետեւանք են: Այնուամենայնիվ, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամները դեկտեմբերի 6-ին կլինեն ընտրատեղամասերում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը եվրոպացի փորձագետներին ընդգրկել է իր կազմում որպես Հանրային լրագրող: Սահմանադրական այս հանրաքվեն էապես տարբերվելու է 10 տարի առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից: Լուրջ վերահսկողություն է լինելու, ասում է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

 

Թրանսփարենսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրենը նշում է հանրաքվեի օրը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները լինելու են հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Վերահսկողական մեխանիզմներին այս անգամ ավելանում է եւս երկու ինտերակտիվ գործիք՝ Թրանսփարենսի Ինթերնեշընըլ կենտրոնի կայքը, որը օպերատիվ ներկայացնելու է համեմատական ցուցակներ՝ ԿԸՀ-ի եւ վիճվարչության տվյալների հիման վրա, նաեւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից ստեղծված hanraqve.com կամ «հանրաքվե.am» կայքը, որտեղ նաեւ լինելու է ստացվող ահազանգերի քարտեզը, ասում է «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը:

 

Ինչ վերաբերում է արդեն բացահայտված խախտումներին, դրանց մասին խոսում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խախտվել է ԸՕ-ի 39-րդ հոդվածը, համաձայն որի ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել համայնքների ավագանու անդամները: Դա դիտարկվում է իբրեւ վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործման փաստ: Ստացված ահազանգերի հետքերով իրավապաշտպանները բացահայտել են, որ ընտրական տարբեր հանձնաժողովներում նշանակվել է ավագանու 203 անդամ: Իրավապաշտպանը նույնիսկ թվեր մեջբերեց, ըստ մարզերի ու հավելեց. «Ընդհանուր առմամբ, միայն Հանրապետականից 50 ավագանու անդամ է ընդգրկված հանձնաժողովներում, 22-ը՝ դաշնակցությունից են, 21-ը՝ ԲՀԿ-ից, 10-ը` ՀԱԿ-ից, եւս 10-ը՝ «Ժառանգություն»-ից: Վերջինն այդ 10-ից 5-ին փոխարինել է, երբ հայտնաբերել է, որ նրանք ավագանու անդամներ են:

«Այո»-ի եւ «Ոչ»-ի միջեւ անհավասար պայմանների մասին խոսելիս՝ հիմնականում վկայակոչվում է հեռուստաբանավեճը, որը վարում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այլ հեռուստահաղորդումները, որտեղ բանավեճից հետո վերջնական խոսք ասելու եւ հաղորդումը եզրափակելու իրավունքը մշտապես տրվել է «այո»-ի կողմնակիցներին եւ, իհարկե, սահմանադրական փոփոխությունները նախաձեռնող ՀՀ նախագահի ծավալուն հարցազրույցը, որից հետո «ոչ»-ի որեւէ կողմնակից այդպես էլ հավասարակշռելու իրավունք չստացավ:

Back to top button