Հասարակություն

Մեկնարկել է «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը

sonahakobyan
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում այսօր մեկնարկել է Հայաստանում Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել այս ոլորտներում համապատասխան քաղաքականության մշակմանը և ներուժի հզորացմանը: Նշելով, որ այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը նկատել է, որ այս մոդելը վաղուց արդեն ներդրվել է Եվրոպայում և տվյալ երկրի համար դարձել բավականին լուրջ շահույթի աղբյուր: Ծրագրի տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է  4,2 մլն. եվրո: Ծրագրի մեկնարկին մասնակցել են նաև  ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

 

Եթե Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծագործության ոլորտները դարձել են մեկ ժամում ավելի քան 11 մլն եվրո շահույթի աղբյուր, ապա Հայաստանում այս բնագավառները կայանալու ճանապարհին են: Գաֆեսճյան կենտրոնում այսօր մեկնարկեց Հայաստանում Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը, որի նպատակն է աջակցել նշված ոլորտներում քաղաքականության մշակմանն ու ներուժի հզորացմանը Հայաստանում: Ներկայացնելով ծրագիրը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը նկատեց, որ սա էլ իր հերթին կնպաստի Հայաստանում թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական զարգացմանը:

Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները:

Եվրամիության երկրներում այս բնագավառներում աշխատում են ամենամեծ թվով երիտասարդները`դառնալով երրորդ խոշորագույն գործատուն, ներկայացնելով ծրագրի արդյունավետությունը՝ նշեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին: Ծրագրի իրականացումը շատ է կարևորում հատկապես  ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Պատահական չհամարելով նաև ծրագրի անվանումը՝ նախարարը նկատեց, որ ցանկացած մշակույթ առաջին հերթին ստեղծագործություն է և այս առումով Հայաստանը մեծ ներուժ ունի:

Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:

Կարդացեք նաև

Back to top button