

Հանրաքվեն տապալված է, մեր խնդիրը պարզապես դա արձանագրելն է, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ իրենք դա անելու են քաղաքացիների աջակցությամբ: Ժառանգության ներկայացուցչի խոսքով՝ 750 հազար մարդ չի գնա հանրաքվեի տեղամաս եւ «այո»-ն խնդիր ունի բավարար քանակի մասնակցության, բացի այդ՝ բավարար «կողմ» ձայների, ինչը նույնպես չի լինելու, համոզմունք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:
«Ոչ»-ի կողմնակից, «Նոր Հայաստան» շարժման մաս կազմող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ հրապարակեց 5 կետից բաղկացած իր ուղերձը՝ ուղղված Հայաստանի քաղաքացիներին:
«Ժողովրդական վերջնագիր» խորագրված իր ուղերձում, Փոստանջյանի պարզաբանմամբ, ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի քաղաքացին։
Կամ ուզում ենք ամեն ինչ, կամ՝ չենք ստանալու ոչինչ, ասում է Զարուհի Փոստանջյանը: Ամփոփելով անցած շրջանի քարոզարշավը՝ նա շեշտեց, թե ՀՀ քաղաքացին շատ լավ ամեն ինչ գիտակցում է: Արձագանքելով հարցին, որ ընդդիմադիր որոշ գործիչներ չեն միանում «Նոր Հայաստանի» ծավալած հանրահավաքային պայքարին՝ Զարուհի Փոստանջյանը նախ ասաց, որ հանրությունը պետք է գիտակցի, որ իշխանության կրողն ինքն է, իսկ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով տեսնում է պայքարի տարածք՝ պարտադիր պետք է մասնակցի: «Ես երբեք չեմ կարծում, որ եթե կա տեղ ընդվզելու, ապա դու պետք է սպասել: Իմանալով, որ ապարդյուն է նույնիսկ, դու պետք է ընդվզես»,- ասաց։
«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ իրենց հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ իշխող մեծամասնության ներկայացուցիչները, տարբեր միջոցներ կիրառելով, փորձում են հանձնաժողովների՝ «ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներին ճնշել ու վախեցնել:
Հակադարձելով Ազատության հրապարակում հնչած իշխանափոխության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների տված «անլուրջ» գնահատականին՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց, թե «անլուրջը» նման գնահատականներ տվողներն են:




