
ԱՄՆ հասարակությունը հնարավորություն է ստացել ծանոթանալու էվթանազիան հանրայնացրած բժիշկ Ջեք Կեւորկյանի՝ Մահվան բժշկի արխիվի հետ, հայտնում է AP- ն։
Հայտնի բժիշկի միակ ժառանգուհին՝ Եվա Ջենեսը, որոշել է նրա արխիվը հանձնել Միչիգանի համալսարանի գրադարանին։ Այս համալսարանի շրջանավարտ է Կեւորկյանը։ Արխիվում ինը արկղ լուսանկարներ, փաստաթղթեր, ինչպես նաեւ բժշկի եւ մահամերձ հիվանդների հետ զրույցի տեսաձայնագրություններն են։ Բոլոր փաստաթղթերը թվայնացվել են։
ԱՄՆ հինգ նահանգներ թույլատրել են էվթանազիան, վերջինը Կալիֆորնիան է, որը համապատասխան օրինագիծն ընդունել է հոկտեմբերին։
Հենց Կեւորկյանի գործունեությունն է թույլ տվել ԱՄՆ- ում ծավալել էվթանազիայի շուրջ բանավեճ։ 1999 թվականի բժշկին դատապարտել են մահամերձ հիվանդի կյանքից հեռանալուն օգնելու համար՝ մեղադրելով սպանության մեջ։
2007 թվականին՝ կալանավայրից դուրս գալուց հետո, 79- ամյա Կեւորկյանը հայտարարել էր, որ բանտում անցկացրած տարիները չեն փոխել իր համոզմունքները։ Նա մահացել է 83 տարեկան հասակում՝ 2011 թվականին։




