ՀասարակությունՄիջազգային

Փարիզի ահաբեկչության զոհ դարձած 17- ամյա հայուհու հայրը մեղադրում է Ֆրանսիայի իշխանություններին

Փարիզի ահաբեկչության ամենաերիտասարդ զոհերից է 17- ամյա Լոլա Ուզունյանը, որն այդ օրը գտնվել է Բատակլան թատրոնում։ Երեկ ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունները բոյկոտել է նրա հայրը՝ Էրիկ Ուզունյանը՝ հրապարակելով բաց նամակ, հայտնում է news.am- ը՝ վկայակոչելով Sudinfo.be-ն։

Նամակում նա Ֆրանսիայի կառավարությանը՝ բոլոր լիազորված պաշտոնյաների ու նախարարների հետ միասին տեղի ունեցածի պատասխանատու է համարում։

«Ֆրանսիան երկար տարիներ աղետալի ձախողված քաղաքականություն է վարել Մերձավոր Արեւելքում: Նիկոլա Սարկոզին խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, ֆրանսիական բանակն ուղարկել է Լիբիա՝ Քադաֆիի դեմ, որն, ի դեպ, Ֆրանսիայի թշնամին չէր: Նույն Սարկոզին նախկինում ձեռքերը տարածած հանդիպել է Քադաֆիի հետ Փարիզում: Քադաֆիից հետո Լիբիայում քաոս է տիրում, եւ ողջ երկրի տարածքով կարելի է զենք տեղափոխել: Ֆրանսուա Օլանդն ու Լորան Ֆաբիուսը «կատաղել էին» Ասադի դեմ, որը նույնպես Ֆրանսիայի թշնամին չէ, բայց որի դեմ Ֆրանսիան ընդգրկվել է կոալիցիայում: Իհարկե, մեր միջամտության գլխավոր պատճառն այն  փաստն է, որ ինչպես Քադաֆին ու Հուսեյնը, Ասադը նույնպես դաժան դիկտատոր է:  Բայց նա չի տարբերվում նաեւ նրանցից, որոնք իշխանության են Կատարում եւ Սաուդյան Արաբիայում, որոնց հետ Ֆրանսիան հրաշալի դիվանագիտական ու առեւտրային հարաբերություններ ունի, եւ որոնք ֆինանսավորում են «Իսլամական պետությունը»:

Նման քաղաքականությունը ողբերգական դեր է խաղացել մեր երկրի համար: Մեր վերջին նախագահները խաղացել են իրենց դերը թեթեւ ու անպատասխանատու:

Շատ տասնամյակների ընթացքում Ֆրանսիան թույլ է տվել իր տարածքում, իր քաղաքներում գոտիներ, գետտոներ ստեղծել, որոնք մեր փիլիսոփաներից մեկն անվանել է «տարածք, որտեղ չկա ոչինչ»:

Մղձավանջային ուրբանիզմը, որտեղ բացարձակապես ոչինչ չկա՝ ոչ մշակութային, ոչ սպորտային ժամանակ անցկացնելու վայրեր, չկան արժանապատիվ դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, առանց որոնց մարդասիրությունը չի կարող զարգանալ եւ գոյություն ունենալ սկզբունքորեն: Մենք այդ տարածքները կոչում ենք ոչ թե գետտո, այլ «զգայուն շրջաններ», ինչից իմաստը չի փոխվել եւ դրանց նկատմամբ քաղաքականությունը՝ նույնպես:

Քանիս՞ն ենք փոխել, Բարնար Թալի, Ռեյմոնդ Բար, Նիկոլա Սարկոզի, Ֆադելա Ամարա, Պատրիկ Կաներ. Բոլորը խոստացել են լուծել խնդիրները, բայց մենք հիմա արձանագրում ենք այդ շրջանների նկատմամբ 40-ամյա ձախողված քաղաքականության փաստը:

Արդեն տեղի է ունեցել «բաժանումը» ֆրանսիացիների եւ նրանց միջեւ, որոնք մեզ կառավարում են: Հատուկ պայմանագիրը խզվել է, էլիտայի եւ բնակչության միջեւ հսկայական անդունդ է ձեւավորվել:

Ոչինչ այլեւս չի օգնի. ոչ մեր հիմնական իրավունքների կրճատումը, ոչ Ազգային ճակատի անվտանգության ուժեղացումը, միեւնույն է մարդասպանները հանգիստ անցնելու են սահմանը:

Ֆրանսիան չի կարող ապագա առաջարկել իր երիտասարդությանը: Եվրոպան չի կարող հետ կանգնել կույր ազատականության իր ճանապարհից: Նրանք, որոնց մենք ընտրել ենք, չեն կարող մեզ նոր քաղաքականություն ներկայացնել, ինչպես նաեւ մեր մտավորականությունը: Բացառությամբ մի քանի անունների, մտավորականությունը ոչ մի կերպ չի գիտակցում տեղի ունեցողի վտանգավորությունը: Ես սարսափի մեջ եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»,- գրել է Ուզունյանը։

Back to top button