Հասարակություն

Որքանո՞վ են արժանահավատ կոռուպցիան հաղթահարելու պնդումները

lusinevasilyan

Կառավարությանը վերջերս հաստատել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունն ու դրանից բխող միջոցառումների եռամյա ծրագիրը:  2016- ից 2018թթ. գործադիրը նախատեսում է իր  ջանքերը կենտրոնացնել հատկապես 4 ոլորտներում՝  առողջապահություն, կրթություն, եկամուտների հավաքագրում և ոստիկանություն: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝  հենց այս ոլորտներում  քաղաքացին ուղիղ շփում ունի պետական պաշտոնյայի հետ, հետևաբար այստեղ իրականացվող  քայլերի արդյունքը կամ անարդյունավետությունը տեսանելի է լիենլու հենց շարքային քաղաքացուն: Պատկան մարմինները պնդում են ՝ արդյունքները երկար չեն սպասեցնելու, վստահեցնում են նաև , որ քաղաքական կամք կառավարությունն ունի:  Որքանո՞վ են արժանահավատ այս պնդումները քաղաքացիական հասարակության համար, ինչո՞վ է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը տարբերվում նախորդներից կամ ինչ քայլեր են անհրաժեշտ կոռուպցիան հաղթահարելու համար։ «Ռադիոլուրն» այս հարցերի շուրջ զրուցել է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:

 

Կոռուպցիան հաղթահարելու, հակակոռուպցիոն պայքարում ակնառու  արդյունքներ գրանցելու առումով դասագրքային օրինակը Սինգապուրինն է:  Կան նաև այլ օրինակներ ևս.  90-ականներին, օրինակ,   Լեհաստանի արդարադատության նախարարը կոռուպցիայի դեմ պայքարը սկսեց իր մերձավոր շրջանապատից, շատ լուրջ ու կտրուկ քայլեր նախաձեռնեց, չնայած ուներ  մեծ հնարավորություն՝ չարաշահելու իր  պաշտոնը, հատկապես որ ժամանակները ոչ թե խանգարող, այլ՝ նպաստող հանգամանք էին:

Varujan Hoktanyan«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս օրինակը բերում է՝ հիմնավորելու համար, որ կոռուպցիոյի դեմ պայքարում ամենակարևորը քաղաքական կամքի առկայությունն է: «Կարող եմ միայն մի բան ֆիքսել.  ոչ առաջին, ոչ երկրորդ ռազմավարությունները ընկալումների հարցում փոփոխություն չեն բերել: Կոռուպցիայի ընկալման համաթիվն այսօր էլ շատ բարձր մակարդակի վրա է: Ճիշտ է, մեր վիճակը շատ ավելի լավ է ԵԱՏՄ  երկրների համեմատությամբ, բայց մենք զիջում ենք օրինակ մեր հարևաններից Վրաստանին ու Թուրքիային: Էլ չեմ ասում եվրոպական երկրների մասին»:

Թե առաջին, թե երկրորդ ռազմավարություններն ընդունելու և իրագործելու ժամանակ էլ կառավարությունը նշել է, որ քաղաքական կամք ունի, որ արդյուքները տեսանելի են լինելու: Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը, սակայն, կարևորը ոչ թե տեքստերն  է համարում, այլ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, ռազմավարությունն  ու ծրագիրը որպես փաստաթղթեր,  զրուցակցիս կարծիքով՝ բավական հաջողված են:

Կոնկրետ քայլերի մասին խոսելիս՝ Հոկտանյանը կրկին Սինգապուրի դասագրքային օրինակն է մատնանշում: Այս օրինակը հատկապես արդիական է այն պատճառով, որ երկիրն ավտորիտար համակարգ ուներ և դրանից անցում կատարել դեպի հակակոռուպցիոն ամուր համակարգը: Հոկտանյանն ասում է՝ Սինգապուրի օրինակի մասին շատ է խոսվում, բայց չի նշվում, թե ինչից սկսեց կոռուպցիայի դեմ պայքարն այդ երկիրը:

Իսկ սկսեց  տնտեսական լրջագույն ռեֆորմից: «Տնտեսական այնպիսի մոդելի ստեղծումից, երբ շուկան իսկապես շուկա է, կա մրցակցություն, սկսեց բիզնեսը պետական մարմինների կոռուպցիոն ճնշումից ազատագրելու քայլերից»:

Երկրորդ քայլն ուղղված էր քաղաքական ու տնտեսական վերնախավերի ապասերտաճմանը: Սա, ըստ Հոկտանյանի, Հայաստանի համար խիստ  արդիական է, երրորդը դատական համակարգի իրական անկախության ապահովումն էր և չորրորդ, որն ի դեպ, տեղ է գտել նոր ռազմավարության մեջ, հանրային ծառայողների՝ կոռւպցիայից ազատ   դասի ձևավորումը:

Հոկտանյանը կարծում է, որ ռազմավարության ընդունումից հետո պատկան մարմիններից հնչող հավաստիացումները, թե քաղաքական կամք կա և արդյուքները տեսանելի են լինելու, առաջին փորձարկումը կանցնեն հանրաքվերի ժամանակ:

ԹԻ-ն բոլոր ընտրությունների ժամանակ խոսել է քաղաքական կոռուպցիայի մասին:  «Եկեք տեսնենք դեկտեմբերի 6-ին ինչ կլինի: Կլինե՞ն նորից վարչական ռեսուրսի օգտագործումը, ընտրակաշառքներն ու նման բաներ, թե՞ ոչ : Սա կլինի քաղաքական կամքի առաջին լուրջ փորձարկումը»:

 

 

Back to top button