
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի համաձայն՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Հանձնաժողովը նաև հաստատել է, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է Թբիլիսիում՝ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումները։ «Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Եթե վերջինս ընդունվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, ապա Հայաստանի կիսանախագահական կառավարման մոդելը կփոխարինվի խորհրդարանականով»,- ասել է նա։




