Հասարակություն

Փարիազի գագաթաժողովը կարող է պատժամիջոց սահմանել կենսաբազմազանության պահպանումը խախտող երկրների նկատմամբ

lianaeghiazaryan

Նոյեմբերի 30-ին Փարիզում սպասվում է պատմական նշանակության մի փաստաթղթի ստորագրում, այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ու Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն։ Խոսքը գլոբալ կլիմայական փոփոխություններին վերաբերող համաձայնագրի ստորագրման մասին է: Ստորագրմանը պետք է նախորդեն 195 երկրի ղեկավարների կամ կառավարությունների ղեկավարների տասնօրյա քննարկումները Փարիզում:  Ժան Ֆրանսուա Շարպանտյեն շեշտել է նաեւ` փարիզյան վերջին դեպքերն ու ահաբեկչության սպառնալիքն այս խոշոր հանդիպումը չեն կարող ձախողել:

 

Փարիզում ահաբեկչական վերջին դեպքերը չեն խոչընդոտի նոյեմբերի 30-ին այդ քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի համաշխարհային գագաթաժողովի անցկացմանը, այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն` «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան միաժամանակ նշելով, որ հակաահաբեկչության դեմ պայքարին նոր թափ է հաղորդվել` մեկտեղելով ջանքերն այլ խոշոր երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ:

Դիվանագետի փոխանցմամբ` Փարիզում 195 երկրի ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները 10 օր շարունակ կքննարկեն գլոբալ տաքացման, կենսաբազմազանության պահպանման համաշխարհային հիմնահարցերը: Քննարկումների ավարտին սպասվում է պատմական նշանակության նոր համաձայնագրի կնքում: Սա լինելու է համընդհանուր, համապարտադիր փաստաթուղթ, որով սահմանված նորմերի պահպանումը պետք է գոնե մինչեւ այս հարյուրամյակի վերջ գլոբալ ջերմաստիճանը նվազեցնի 2 աստիճանով:

Փարիզում Կլիմայի համաշխարհային գագաթաժողովի անցկացման առիթով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Երեւանում Գերմանիայի դեսպանության համար ծրագրել է ցուցահանդես: Այստեղ ներկայացվում են լուսանկարներ Հայաստանի այն հատուկ պահպանվող տարածքներից, որոնք հիմնվել են նաեւ գերմանական աջակցությամբ: Ներկայացվող լուսանկարները բացառիկ կադրեր են հայաստանյան բնության ամենագեղեցիկ վայրերից, կենդանական աշխարհից: Հայաստանի կլիմայի ու բնության վրա գլոբալ կլիմայական տաքացումների ուղղակի ազդեցությունը հստակ է, ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայատանի ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան: «Հայաստանում ջերմաստիճանը 1930-ականներից հետո բարձրացել է մեկ աստիճանով, իսկ տեղումները նվազել են մոտ 10 տոկոսով»։ ասում է։

Կենսաբազմազանության պահպանումը հետզհետե դառնում է օրախնդիր, իր հերթին նկատում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը: Նա էլ իր փաստերն ունի: Հայաստանում հատուկ պահպանման ենթակա տարածքները այժմ ընդհանուր տարածքների 13 տոկոսն են կազմում` նախկին 10 տոկոսի դիմաց: Նման խնդիրները բնորոշ են բոլոր երկրներին, ու Փարիզում ստորագրվելիք համաձայնագիրը հնարավոր է նաեւ որոշ պատժամիջոցներ սահմանի այս փաստաթղթում ամրագրված նորմերի խախտման համար:

Պետք է քննարկվի նաեւ, թե որ կառույցը պետք է այս հարցով զբաղվի ու վերահսկողական ինչպիսի լծակներ կիրառի: Այս անգամ սպասվում է նաեւ Չինաստանի ստորագրությունն այս փաստաթղթի տակ: Սա ուշագրավ է այն առումով, որ աշխարհի ամենախոշոր տնտեսությունը, որպես կանոն, չի միանում կլիմայական հարցերով համաձայնագրերին, այնինչ հենց այս երկրի տնտեսությունն է ամենամեծ ազդեցությունն ունենում գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա:

Ինչպես է այս նախաձեռնությունն անդրադառնալու փոքր երկրների վրա, ու ինչ ֆինանսավորմամբ են իրագործվելու ծրագրերը: «Լինելու է հիմադրամ, որտեղ հավաքված միջոցներից կտրամադրվեն այն փոքր երկրներին, որոնք տրամադրված են ջերմոցային գազերը նվազեցնել»,- ասում է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

 

Back to top button