

Հանրաքվեից 10 օր առաջ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր կազմակերպել էր դասընթաց՝ հետաքրքրվածներին ներկայացնելու, թե ինչպես կարող են ընտրացուցակները ստուգել եւ հանրաքվեի օրը վերահսկողություն իրականացնել հատուկ ստեղծված elections.transparency.am ինտերնետային կայքով եւ հատուկ մշակված ծրագրով: Նախորդ երեք համապետական ընտրությունների ժամանակ հակակոռուպցիոն կենտրոնը կիրառել էր նմանատիպ ծրագիրը եւ այդ միջոցով ի հայտ եկած խախտումները՝ ի թիվս այլ խախտումների, ՀԱԿ-ը ներկայացրել էր ՍԴ քվեարկության արդյունքների բողոքարկման ժամանակ:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունը հրապարակելու է ընտրողների վերջնական՝ «մաքրված» ցուցակը: Ընտրացուցկաները ճշգրտելու գործընթացը քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ավելի դյուրին կարող է դարձնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծած կայքը:
Համեմատության, հաշվարկների, կոնկրետ հասցեներում գրանցված անձնանց թվի, տարիքի եւ այլ հետաքրքրող ինֆորմացիայի համար կայքում ստեղծված են անհրաժեշտ բոլոր գործիքները: Տվյալները բոլորը պաշտոնական են՝ վերցված Ազգային վիճակագրական ծառայությունից, իսկ հանրաքվեի օրը՝ նաեւ ԿԸՀ պաշտոնական կայքից, ըստ ժամերի հետեւելու են ընտրությունների ընթացին:
Այդպես օրինակ, հենց տեղում համակարգչի մոտ նստած կարելի է շատ ու շատ փաստեր հայթայթել, ինչպես այսօր գործնականում ցուցադրեց Վարուժան Հոկտանյանը: ««Ոստիկանությունն ասում է, որ մահացածներին հանում է ցուցակներից: Ենթադրաբար, մեծ տարիքի ընտրողը հնարավոր է, որ արդեն մահացած լինի եւ այստեղ, եթե դնում ենք օրինակ՝ 80 եւ երբ փնտրում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում կա 78 914 ընտրող, որոնք 80 եւ ավելի տարեկան են: Ովքեր հետաքրքրված են, կարող են իսկապես ստուգել այդ մարդիկ կա՞ն, թե՞՝ ոչ: Եթե թիվը փոխենք 90-ի, ապա այդ եւ ավելի տարիքի ընտրողներին թիվը 6 286 է»:
Եթե շարունակենք այս գործընթացը, ապա այսօրվա ընրացուցակներում կգտնենք այնպիսի տարիքի ընտրողների, ովքեր ծեր են նույնիսկ աշխարհի ամենածեր մարդուց: Ոստիկանությունն արդեն հասցրել է պարզաբանել այս ֆենոմենը, որոշ դեպքերում նույնիսկ մեղադրելով հենց Վարուժան Հոկտանյանին: «Եղավ պարզաբանում նախորդ ասուլիսից հետո, որ այդպիսի տարիքով մարդիկ, որոնք ավելի ծեր են, քան աշխարհի ամենածեր մարդը, ուղղակի ժամանակին հեռացել էին Հայաստանից, հիմա ինչ է եղել՝ մահացել են- չեն մահացել, ոչ մեկը տեղյակ չի: Եվ քանի որ պատշաճ ձեւով դուրս չեն եկել հաշվառումից՝ նրանց չեն հանում հաշվառումից: Ես չեմ կիսում ոստիկանության այն պատասխանը, որ զավեշտի են փորձում վերածել, որովհետեւ հենց շատ դեպքերում ես տեսել եմ մահացած մարդկանց անունները կային ընտրացուցակներում»։
Մի քանի վայրկյանի ընթացքում elections.transparency.am կայքի միջոցով կարելի է պարզել նաեւ միեւնույն անուն-ազգանումով, տարեթվով մարդկանց թիվը, մեկ հասցեում գրանցված ընտրողների թիվը, որոնց երբեմն հասնում են մի քանի հարյուրի: «Օրինակ՝ անձամբ ստուգեցինք Կենտրոնի Թաիրովի փողոցը եւ պարզվեց, որ այդտեղ այդ 208 ընտրողները որ կան, դրան 50 սեփական տներ են «Հաղթանակ» կամրջի տակ, որ ունեն նույն հասցեն: Բայց հետաքրքիր է հասկանալ, ի վերջո՝ իսկապե՞ս այդքան են ընտրողները, թե՞՝ ոչ: Որովհետեւ, եթե մեծ թիվ է, դա արդեն հարցեր է առաջացնում: Մենք չենք ասում, որ եթե 2087 է, ուրեմն կեղծիք է, բայց ստուգել պետք է»:
Սակայն, ինչպես երեւաց այսօրվա դասընթացից, վերահսկողության լրացուցիչ այս մեխանիզմը ըստ էության ոչ մեկին չհետաքրքրեց: Ներկա էր ընդամենը մի քանի մարդ: «Ես ակնկալում էի քաղաքացիական ակտիվիստների, դիտորդների, կուսակցությունների մասնակցությունը, ովքեր ուզում են տվյալ դեպքում հանրաքվեն անցնի հնարավորին չափ քիչ խախտումներով: Ուրիշ հարց՝ կա՞ ցանկություն եւ կա՞ ռեսուրս, որ դա արվի»:
Որպես տեղեկություն նշեմ, որ կայքից օգտվելու համար պարտադիր չէ կապ հաստատել հակակոռուպցիոն կենտրոնի հետ կամ ստանալ նրանց թույալտվությունը: Կայքը հասանելի է բոլոր ցանկացողներին։




