Քաղաքական

Քննությունն ամեն ինչ կպարզի. Թեւան Պոողոսյանը՝ ահաբեկչական խմբավորման մասին

karenghazaryan

Իսկապես սա կանխված դեպք է, և լավ է, որ մենք կանխված դեպքի հետ ենք խնդիր ունենում, այլ ոչ թե հետևանքների, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նհայտարարել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծմանը: Նա ուրախ է, որ հնարավոր է եղել կանխել այդքան անօրինական զենքի օգտագործումը: Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբավորման թեմային լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը: Խոսելով վնասազերծված խմբի եւ Հիմնադիր խորհրդարանի միջեւ կապ տեսնելու վերաբերյալ խոսակցությունների մասին՝ հերքել է նման կապի առկայությունը, նշելով, որ դրա մասին Հիմնադիր խորհրդարանի քաղաքական խորհուրդը երեկ համապատասխան հայտարարություն է տարածել: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ նման կապի վերաբերյալ խոսակցությունները բխում են երկրում ստեղծված քաղաքական անհրաժեշտությունից:

 

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ փորձ արվեց երեւույթն օգտագործել եւ այն կապել Հիմնադիր խորհրդարանի հետ, սակայն, այդ փորձն անհաջող էր։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը իրականացված օպերացիան ցուցադրական է համարում: Ըստ նրա՝ այն նախ ուղղված էր ներքին, իսկ հետո՝ միջազգային հանրությանըՆա կարծում է, որ հանրությանը կարելի է ինչ-որ բան ասել, բայց միջազգային հանրությանն ապացուցել ինչ- որ բան՝ հեշտ չէ եւ դա չստացվեց:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, մինչդեռ, համոզված է, որ դա մի երեւույթ էր, որտեղ պարզվում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են ունենալ անօրինական զենք: Թեւան Պողոսյանը կարեւորեց առնվազն այդ անօրինական զենքի հայտնաբերումը: Սակայն, նրա խոսքով, կա նաեւ երկրորդ կարեւոր հարցը։ «Ավելի շատ կկարեւորեի երկրորդ հարցը՝ ինչպես է քննությունը ընթանալու եւ արդյո՞ք բացահայտվելու են բոլոր այն մնացած մարդիկ, ովքեր այդ զենքը վաճառել են»:

Պատգամավորի խոսքով՝ իրավապահները, փաստորեն, տեղեկություններ ունեին եւ գործողություններն իրականացրել են դրանց հիման վրա: «Այստեղ նաեւ պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ էին հապաղում մինչեւ այդ րոպեն, գուցե սպասում էին, որ հավելյալ տեղեկություններ բացահայտեն»:

Անդրադառնալով համացանցում եւ լրատվամիջոցներում տեղ գտած ամենատարբեր մեկնաբանություններին՝ Թեւան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ  դրանք կարող են լինել նաեւ տարբեր ինստիտուտների ու մարդկանց կողմից իրենց օգտին տեղեկություններն օգտագործելու արդյունք: Այն, որ բոլոր կողմերն էլ տեղեկություններն օգտագործելու են՝ Թեւան Պողոսյանը հասկանալի է համարում: «Քննությունն ամեն ինչ կպարզի: Պետք է զգույշ լինել: Բոլոր մեր քաղաքացիներին կոչ եմ անում լինել զգոն և նրբանկատ: Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ շրջապատված ենք թշնամիներով»:

Պատգամավոր Թեւան Պողոսյանը նաեւ հավելեց, որ այս օրերին ստեղծված միջավայրը շատ բարենպաստ էր, որ յուրաքանչյուրը փորձեր պղտոր ջրում իր ձուկը որսալ: Նա հիշեցրեց Փարիզի ահաբեկչությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը: Հենց այս ձեւավորված մթնոլորտը հաշվի առնելով էլ պետք է շատ զգույշ լինել, եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Back to top button