
տեղադրվել է ժամը 13։14- ին
լրացվել է ժամը 17։51- ին

Միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչներն այսօր քննարկել են գործադիրրի կողմից վերջերս հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունն ու առաջիկա երեք տարիների համար նախատեսված միջոցառումների ծրագիրը: Դրանով, հիշեցնենք, թիրախային է համարվել հատկապես 4 ոլորտ` առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանությունը: Կառավարությունը վստահեցնում է, որ իշխանությունը քաղաքական կամք ունի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները տեսանելի են լինելու շարքային քաղաքացու համար: ՀԿ-ները չեն շտապում հավատալ ու առայժմ վերապահումով են վերաբերվում այս վստահեցումներին: Դոնոր կազմակերպությունները կառավարությանը հորդորում են վճռականությունն ու կամքը ապացուցել գործողություններով:
Ինչո՞վ է Հայաստանը զիջում Վրաստանին. այս հարցն այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ հնչեցրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի: Նա հղում արեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության վարկանիշային աղյուսակին, որտեղ 176 երկրների մեջ Հայաստանը 96-րդ տեղում է, ՌԴ-ն`161, մեր հարեւան Վրաստանը`56-րդ:
Կոռուպցիայի դեմ պայքարի վրաստանյան դասը, ըստ ԵՄ դեսպանի, պարզ է և հեշտ ուսանելի: Ըստ նրա՝ կարևորը կոռուպցիայի դեմ միասնաբար պայքարելն է՝ կառավարություն, ընդդիմության և քաղաքացիական հասարակություն: Դեսպանն անգամ օրինակ բերեց. կոռուպցիան հաղթահարելու հարցում էլ ճիշտ այնպիսի միասնություն է պետք, ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության հարցերում:
Դեսպանի գնահատականով՝ Հայաստանում մտահոգիչ է հատկապես արդարադատության ոլորտը: Դատական համակարգում կաշառքի յուրաքանչյուր դեպք պետք է հայտնվի դատարանում, ասում է դեսպանը: Շատ երկրներում դատավորներն անգամ զրկվում են թոշակ ստանալու իրավունքից, եթե կոռուպցիոն դեպք է հայտնաբերվում։ ԵՄ ներկայացուցիչը մեր կառավարությանը հուշում է կիրառել այս փորձը, բայց նաև կրկնում է հայտնի թեզը՝ կոռուպցիան հաղթահարելու հարցում առաջնայինը վճռականությունն և քաղաքական կամքն են։
Քաղաքական կամք կառավարությունն ունի, սա արդեն արդարադատության նախարարի վստահեցումն է: Արփինե Հովհաննիսյանն ասում է՝ այդ կամքը կդրսևորվի տարբեր ձևերով՝ օրենսդրական քայլերից մինչև գործողություններ: «Դուք այդ քայլերի ականատեսը կլինեք: Գնահատականը նույնպես դուք եք տալու, տալու է հասարակությունը, տալու են միջազգային կազմակերպությունները եւ տալու ենք մենք ինքներս՝ գնահատելով, թե ինչ կարողացանք անել, ինչը չարեցինք եւ ինչ պատճառներով»:
Ի դեպ՝ խոսելով հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի մասին, ԵՄ դեսպանը նկատել էր, որ Հայաստանը հոյակապ փաստաթուղթ ունի, թերևս լավագույններից մեկը, բայց խնդիրը փաստաթղթի որակը գործողություններով ապացուցելն է: Նախարարը վստահեցրեց, որ կոնկրետ քայլեր լինելու են, թե երբ և ինչպես չմանրամասնեց:
Ինչ վերաբերում է կաշառակեր պաշտոնյայի՝ դատարանի առջև կանգնելու փորձը կիրառելու հորդորին, նախարարը կարծում է, որ խնդիրը աղմկոտ քայլերն ու ականջահաճո հայտարարություններն չեն: Երբ է որևէ պաշտոնյա դատարանի առջևո կանգնելու հարցը, նախարարի գնահատմամբ, Ճիշտ հարցադրում չէ: «Դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք առաջիկայում կիրականացնենք: Ես ցանկանում եմ զերծ մնալ որակումներից, եւ տարատեսակ շահարկումներից, եւ անուններ կամ չգիտեմ այլ ձեւաչափերով բանաձեւումներ հնչեցնելուց»:
Հիշեցնեմ, որ սա Հայաստանի երրորդ հակակոռուպցիոն ծրագիրն է: Այն և այդ ծրագրից բխող միջոցառումների եռամյա ծրագիրը կառավարությունը հաստատել է սեպտեմբերին: 4 թիրախային ոլորտ է ընտրվել՝ առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում և ոստիկանություն: Կառավարության հիմնավորմամբ՝ սրանք հենց այն ոլորտներն են , որտեղ քաղաքացին ուղիղ շփում ունի պաշտոնյայի հետ: Ուստի իրականցվող քայլերի արդյունքը կամ անարդյուանվետությունը տեսանելի է լինելու հենց շարքային քաղաքացուն:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ կոռուպցիան հաղթահարելու կամ գոնե նվազեցնելու հարցում խնդիրը լավ կամ վատ ծրագիրը չէ: Առավել ևս, երբ խոսքն արդեն երրորդ ծրագրի մասին է: «Առանձնակի նոր մոտեցում չեմ տեսնում: Սա երրորդ ռազմավարությունն է, և ինչպես նախորդներում շեշտը կանխարգելիչ միջոցառումների վրա է: Խնդիրը ոչ ծրագիրն է, ոչ էլ կոռումպացված պաշտոնյան ու խորհուրդը: Խնդիրը քաղաքական կամքն է»:
Դիտարկմանը, թե կառավարությունը վստահեցնում է, որ քաղաքական այդ կամքն ունի, Հոկտանյանը վերապահումով է մոտենում: ռաջիկայում կոնկրետ առիթ ունենք համոզվելու, թե որքանով են համընկնում խոսքն ու գործը ՝ ասում է: «Ընտրությունների ընթացքում Հյաստանում սովորաբար քաղաքական կոռուպցիայի լուրջ դրսևորումներ են լինում: Ես չեմն ասում՝ հավատում եմ, թե չեմ հավատում: Ասում եմ՝ եկեք սպասենք հանրաքվեին, տեսնենք էլի լինելու են ընտրակաշառքներն ու վարչական ռեսուրսի չարաշահումը: Սա կլինի քաղաքական կամքի առաջին կամ հերթական փորձարկումը»:




