Հասարակություն

«Գրաբարյան օրեր». ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա արդյունավետությունը

sonahakobyan
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր ամփոփվել են  «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները: Հիշեցնենք, որ նախորդ տարի մեկնարկած «Գրաբարյան օրեր» ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: Ծրագրի շրջանակում կազմակերպված գրաբարի առաջին օլիմպիադային մասնակցել են շուրջ 90 պատանիներ պետական և մասնավոր դպրոցներից: Խոստովանելով, որ բոլոր դպրոցներում առարկայի պարտադիր դասավանդման մասին խոսելը դեռ վաղ է, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ծրագի ամփոփմանը նշել է, որ այն կլինի շարունակական և հույս է հայտնել, որ տարեց տարի կմեծանա ինչպես գրաբարի հանդեպ հետաքրքրությունը, այնպես էլ միջոցառումներում ներգրավվող մասնակիցների թիվը:  Թեմի առաջնորդարանում կայացած քննարկումն ընթացել է  Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որը մեկնարկել է դեռևս ացյալ տարի, մեծ հետաքրքրություն է առաջացրել  դպրոցներում թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում: Ծրագրի արդյունքում Երևանի մի շարք դպրոցների աշակերտներն ավելի մոտեցան գրաբարին, որի արդյունքում ավելի քան 90 աշակերտներ մասնակցեցին Գրաբարի առարկայական օլիմպիադային, ներկայացնելով ծրագրի կարևորությունը նշեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը:

Գրաբարը մեր ազգային այն արժեքն է, որը բոլոր ժամանակներում իր շքեղությամբ և հարստությամբ պետք է ոչ միայն փայլատակի, այլև թափանցի հայ մարդու հոգու խորքը, նկատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:

Գրաբարը հնարավոր է վերադարձնել հանրակրթական համակարգ բացառապես եկեղեցու աջակցությամբ, նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ծրագիրը կլինի շարունական, բայց բոլոր դպրոցներում առարկայի պարտադիր դասավանդման մասին խոսելը դեռ վաղ է:

Նշենք, որ ծրագրի նպատակն է  նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ, խթանել դրա ուսուցումը, ինչը կնպաստի մասնագետների աճին և հայկական հազարամյա ժառանգության զարթոնքին:

Կարդացեք նաև

Back to top button