

Ռուս- թուրքական հարաբերություններում նախօրեին տեղի ունեցած կտրուկ շրջադարձը՝ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո մեղմվելու միտումներ է ցուցաբերում: Թեև Մոսկվան դեռևս շարունակում է կոշտ հայտարարություններով հանդես գալ Անկարայի հասցեին, սակայն թուրքական կողմի այսօրվա հայտարարությունների մեջ առկա են ուշագրավ երանգներ: Նախագահի, վարչապետի և արտգործնախարարի մակարդակով Մոսկվային ուղղված մեսիջներ են հնչել:
Դավութօղլու. Ռուսաստանը Թուրքիայի ընկերն ու հարևանն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդոդանը հայտարարել է, որ չէր ցանկանա ռուս-թուրքական հարաբերությունների սրացում նախօրեին թուրքական օդուժի կողմից խոցված ինքնաթիռի պատճառով: «Մենք մտադիր չենք սրել իրավիճակը, մենք պարզապես պաշտպանել ենք մեր և մեր եղբայրների անվտանգությունը»,- ասել է Էրդողանը Ստամբուլում բիզնես ֆորումի շրջանակներում այսօր ունեցած ելույթի ժամանակ:
Վարչապետ Ահմեդ Դավութօդլուն հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի ընկերն է և հարևանը, սակայն Անկարան իրավունք ունի միջոցներ ձեռնարկել իր օդային տարածքի խախտումների դեպքում: Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Դավութօդլուն նշել է, որ երկու երկրների միջև առկա են սերտ տնտեսական և քաղաքական կապեր, և Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում իրավիճակի սրացման դեմ:
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը, որն ուղիղ եթերում հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը, հայտնել է, որ ինքը հարցը քննարկել է թուրք պաշտոնակցի հետ։ Մեւլեթ Չավուշօղլուն վստահեցրել է, որ թուրքական կողմը նախապես չի իմացել, որ կործանիչը ռուսական է, քանի որ այդ տարածքում թռիչնքներ են իրակացնում նաև սիրիական ինքնաթիռները: Միաժամանակ՝ թուրքական կողմն այսօր շարունակել է պնդել, որ ռուսական կործանիչը խախտել է երկրի օդային տարածքը՝ քայլը պայմանավորելով հենց այդ հանգամանքով: Մինչդեռ Մոսկվան այսօր էլ շարունակում է պնդել՝ ռուսական օդանավը Թուրքիայի տարածք չի մտել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումն անվանել է նախապես ծրագրված սադրանք:
Պուտին. Թուրքիան վարում արմատական իսլամացման քաղաքականություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռեջեփ Թաիպ Էրդողանին մեղադրել է Թուրքիայի միտումնավոր մահմեդականացման մեջ: «Թուրքիայում առկա են ավելի լուրջ, արմատական խնդիրներ, հարցը միայն նախօրեին տեղի ունեցած միջադեպը չէ: Հավատացնում եմ, ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է Թուրքիան տարիներ շարունակ վարում երկրի արմատական իսլամացմանը նպատակաուղղված քաղաքականություն»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ միաժամանակ չբացառելով, որ Թուրքիայի սահմանին հնարավոր է տեղի ունենան նաև այլ միջադեպեր:
Մոսկվան սահմանափակում է տնտեսական կապերը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանն ամբողջությամբ կարող է հրաժարվել Թուրքիայի հետ համատեղ նախագծերից: «Անկարայի և Մոսկվայի բարիդրացիական հարաբերությունները խաթարված են, հասցված վնասը դժվար կլինի վերականգնել»,- ասել է Ռուսաստանի վարչապետը՝ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումն անվանելով չմտածված հանցավոր քայլ: Մեդվեդև նույնպես այսօր հայտարարել է, որ Թուրքիան ակնհայտորեն սատարում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին:
Ռուսական կողմը հորդորել է ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները Թուրքիա, զբոսաշրջիկներին՝ հրաժարվել հանգիստն այդ երկրում անցկացնելու ծրագրերից: Լուրեր են շրջանառվում նաև ռուսական շուկայում թուրքական թռչնամսի արգելքի մասին:
Ոստիկանությունը չի միջամտել Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքին
Այսօր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի գործողություն, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: BBC-ի հաղորդմամբ՝ նրանք քարեր, ձվեր և ներկով տարաներ են նետել շենքի ուղղությամբ, ջարդել են դեսպանատան ապակիները:Թուրքական ներկայացուցչության մամուլի կցորդը հայտնել է, որ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել դեսպանության մի քանի աշխատակիցներ: Ոսստիկանությունը չի միջամտել, ձերբակալվածներ չկան: Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ևս Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի էր ունեցել բողոքի գործողություն:
Անկարան Սիրիայում չի նահանջի, Մոսկվան՝ նույնպես
Կրկին անդրադառնանք Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի այսօրվա ելույթին։ Հակառակ մեղմ երանգներին, որոնք առկա էին նրա ելույթում, Թուրքիայի նախագահը միաժամանակ ընդգծել է՝ Անկարան չի պատրաստվում Սիրիայի հարցում վերանայել քաղաքականությունը։
Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվան Սիրիա կուղարկի նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգեր: Նախագահ Վլադիմիր Պուտինն հավանություն է տվել այսօր ավելի վաղ պաշտպանության նախարարի՝ Հմեյմիմ ռազմակայանն ուժեղացնելու առաջարկին։




