Քաղաքական

«Զինապարտության մասին» օրենքը վերանայելու անհրաժեշտություն ունի. Մովսես Հակոբյան

lenabadeyan
Աժ Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովն այսօր լսումներ էր նախաձեռնել զորակոչի խնդիրները քննարկելու համար: Խորհրդարան եկած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը ընթացքում տեղեկացրել է ոլորտում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին: Կարիք է տեսնում փոխել Զինապարտության մասին օրենքը, ինչպես նաեւ որոշակի պետական վճարի դիմաց զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատելու կարգը:

 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ շփման ժամանակ փորձում էր «անհարմար» հարցերից խուսափել՝վկայակոչելով իր պարտականությունների շրջանակը: Հենց այդ շրջանակներն էլ խանգարեցին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պաշտոնյային արտահայտել իր կարծիքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցից հետո շրջանառության մեջ դրված լուրերը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տարածքային զիջումների հաշվին է լուծվելու:

«Արցախի Սահմանադրությունը դեռեւս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»:

Արդյո՞ք ճիշտ է Ղարաբաղին ներքաշել սիրիական պատերազմի մեջ՝ Ռուսաստանին առաջարկելով շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն էր, հիշեցնենք՝ Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ: Այս հարցն, ըստ էության, նույնպես մնաց անպատասխան:

«Որեւէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, առանձնապես, երբ նրանք իմ ղեկավարներն են։ Այդ հարցը իմ ոլորտից դուրս է եւ չեմ ծանրաբեռնում գլուխս նման խնդիրներով»:

Մովսես Հակոբյանը որեւէ վատ բան չի տեսնում Պաշտպանության նախարարի՝ «այո»-ի քարոզարշավին միանալու քայլի մեջ: Դա ուղղորդում չէ կառույցի համար, կարծում է եւ լրագրողներին խորհուրդ տալիս օգտագործել վերահսկողական լծակներն ու տեսնել, որ բանակում որեւէ մեկին՝ Հանրաքվեի առումով, ոչինչ չի պարտադրվում: Ավելին՝ «Կարծում եմ, որեւէ մի քաղաքացի պատրադրված չէ գնալ քվեարկել»:

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն, ի դեպ՝ չի կիսում մտահոգությունները, որ սահմանադրական փոփոխություններից հետո, վճռորոշ պահերին անորոշություն է ստեղծվելու: Սա ասվում է այն տեսանկյունից, որ երկրի նախագահից գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները տեղափոխելով եւ բաշխելով մի քանի թեւերի միջեւ՝ որոշումներ կայացնելն ավելի կբարդանա:

«Զինված ուժերի կառուցվածքն այնպիսին է, որը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել»:

Մովսես Հակոբյանին այսօր Աժ-ով էր բերել բոլորովին այլ հարց՝ համապատասխան մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին զորակոչի խնդիրների մասին: Ամենաշատը խոսվեց զորակոչիկների բժշկական ստուգման աշխատանքների մասին, ինչը նաեւ, ըստ Մովսես Հակոբյանի՝ հատուկ ուշադրության կենտրոնում է:

Խնդիրներ կան նաեւ դպրոցներում Նախնական Զինվորական Պատրաստություն առարկայի դասավանդման հետ կապված, բայց առավել ցայտուն խնդիրը բարձրաձայնեց «Օգնություն եւ իրավունք» ՀԿ-ից Սերգեյ Հարությունյանը: Ճիշտ է համարում բանակից առաջ երիտասարդներին ծանոթացնել իրավունքների պաշտպանության, պարտականությունների, ինչպես խախտված իրավունքնեի վերականգնման ձեւերին:

ԶՈՒ-ում չկա ինքնապաշտպանվելու կարիք, ասում է Մովսես Հակոբյանը: Ի դեպ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ կա «Զինապարտության մասին» օրենքը վերանայելու անհրաժեշտություն: Կարծում է, որ Հայաստանի համար լավագույն մոդել կարող է հանդիսանալ Իսրայելի օրինակը՝ մեկ բայցով:

«Բացառությամբ կին զինծառայողների: Որպես տղամարդ գտնում եմ, որ մենք մեր պարտականությունները դեռեւս իվիճակի ենք կատարել»:

Մովսես Հակոբյանի ներկայացմամբ՝ հասունացած եւս մեկ փոփոխության անհրաժեշտությունը վերաբերում է զորակոչից խուսափածների՝ որոշակի պետական վճարի դիմաց պատասխանատվությունից ազատմանը:

Թվերը փաստում են, որ այս տարվա ամառային զորակոչի պլան-աշխատանքը կատարվել է ամբողջությամբ: Զորամասերը համալրելու ՊՆ կողմից հաստատված 7000 պլան աշխատանքի փոխարեն զորակոչվել է 7269 մարդ կամ կատարվել է պլանային առաջադրանքի 103.8%-ը: Ի դեպ՝ ամառային զորակոչի ընթացքում ընդհանուր առմամբ  10.129 զորակոչիկ է ճանաչվել պիտանի զինվորական պարտադիր ծառայության համար:

Կարդացեք նաև

Back to top button