

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթի շրջանակներում, վաղվանից Երևանում մեկնարկում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցառումները: Հյուսիսային պողոտայում 5 օր շարունակ կանցկացվեն հիվանդության վերաբերյալ անվճար հետազոտություններ: Շարժական ախտորոշիչ լաբորատորիաներում քաղաքացիներին կտրվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն, իսկ ցանկության դեպքում կարող են անցնել հետազոտություն, որի պատասխանն էլ կստանան 15-ից 20 րոպեների ընթացքում: Նախաձեռնության կազմակերպիչների նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը և տալ անվճար հետազոտության ևս մեկ հնարավորություն: Քանի որ վաղ ախտորոշումը և համապատասխան բուժումը կապահովեն լիարժեք կյանք:
ՄԻԱՎ-ով վարակի առաջին դեպքերը Հայաստանում գրանցվել են 1988 թվականին: Եվ մինչ օրս մեր երկրում արձանագրվել է վարակի 2194 դեպք: Այս թվերից սակայն առյուծի բաժինն ընկել է 2014 թվականին, երբ արձանագրվել է 334 դեպք: Ինչն էլ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական բաժնի վարիչ Մարինե Ասրյանի խոսքով՝ պայմանավորված է վերջին տարիների ՀՀ-ում միգրացիոն գործընթացների աճով: Վարակվածների մոտ 70 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնողներն են: Վարակվածների 65 տոկոսը կազմում են արական սեռի ներկայացուցիչները, մոտ 30 տոկոսը՝ կանայք, 1.9 տոկոսը՝ երեխաները: ՀՀ –ում վարակի փոխանցման հիմնական ուղին սեռական ճանապարհն է և թմրամիջոցների ներարկային օգտագործումը:
«Թմրամիջոցների ներարկային միջոցով գրեթե բոլոր վարակավծաների եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով»:
ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներից 1140 մարդու մոտ հետազատության ժամանակ ախտորոշման պահին եղել է ՁԻԱՀ, նրանցից 172-ը հայտնաբերվել է 2014 թվականին, այսինքն՝ հիվանդությունը հայտնաբերվել է ուշ փուլում: Հիվանդության վաղ շրջանում ախտորոշելն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն կտա վարակակրին ապրել երկար ու լիարժեք կյանքով, ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը:
Հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև վաղ հայտնաբերման համար էլ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթի շրջանակներում, վաղվանից Երևանում մեկնարկում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցառումները:
Հյուսիսային պողոտայում 5 օր շարունակ շարժական լաբորատորիաներում քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ համապատասխան խորհրդատվություն, իսկ այնուհետև կանցնեն զննություն՝ մատից վերցված արյան միջոցով 15-ից 20-րոպեների ընթացքում կիմանան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց կարգավիճակը: Հետազոտության և դրա արդյուքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է, վստահեցնում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը:
Նախաձեռնությունը կազմակերպվում է արդեն երեք տարի և այս ընթացքում հետազոտել են 1000-ից ավելի մարդկանց: Նախորդ տարի անցկացվող միջոցառման շրջանակներում հայտնաբերվել է երկու ՄԻԱՎ-ով վարակված դեպք, որոնք այսօր ստանում են համապատասխան բուժում: ՄԻԱՎ –ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ապագա երեխայի վարակման վտանգը: 2007 թվականից սկսած, ինչ ՄԻԱՎ-ով հիվանդ հղի կանայք ստանում են հակառետրովիրուսային կանխարգելիչ բուժում, չեն արձանագրվել նրանցից ծնված ՄԻԱՎ-ով վարակված երեխաների դեպքեր: Նշենք, որ ՄԻԱՎ վարակի բուժումը ՀՀ-ում իրականացվում է անվճար:




