Կույրերը եւս կկարողանան քվեարկել. բրայլյան գրատեսակով հատուկ ձեռնարկ է մշակվել
Հանրապետության Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկ` բրայլյան գրատեսակով: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռնարկն այսօր ներկայացրել է «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության անդամներին և լրատվամիջոցներին:
Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների ընտրության և իրազեկված լինելու իրավունքը կարևորելով՝ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեից առաջ նախաձեռնել է քայլեր, որոնց մասին այսօր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Սափմանափակ կարողություններով անձանց ընտրության իրավունքը լիարժեք ապահովելու համար մշակել են երկու ձեռնարկներ, որոնցից մեկը՝ բրայլյան գրատեսակով:
Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նախատեսված կաղապարները կտրամադրվեն հանրապետության բոլոր՝ 1997 ընտրատեղամասերում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրանք հնարավորություն կտան քաղաքացուն քվեարկել առանց որևէ մեկի օգնության: Նշված նախաձեռնություններն իրականացվել են «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Հատուկ ձեռնարկները վերջինի միջոցով էլ կտրամադրվեն հասցեատերերին: Կազմակերպության փոխնախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ ձեռնարկներից կօգտվեն շուրջ 3000 քաղաքացիներ:
«Տեսողական խնդիրներ ունեցողներս ամենաակտիվ ռադիոլսողներն ու հեռուստադիտողներն ենք և կարող ենք փայլուն կերպով մեկնաբանել ինչպես գործող, այնպես էլ առաջարվող սահմանդրությունները»,-ասում է Մարտին Սարգսյանը, հանդես գալով նաև գործնական կոչով՝ ստեղծել սահմանադրության ձեռնարկ՝ բրայլյան գրատեսակով: Հավելենք, որ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի վստահեցմամբ հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար տեսաղամասերում թեքահարթակներ ապահովելու հարցը ևս զգալիորեն բարելավվել է: