

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այսօր հերթական միջոցառումն է կազմակերպվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս անգամ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսն է, որին իրենց հավաքածուներն են ներկայացրել աշխարհի շուրջ 5 երկրից 40 մասնակից: Ֆիլատելիայի լեզվով հայոց ցավի մասին բարձրաձայնելը կարևորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և նշել, որ սա հնարավորություն կընձեռնի նաև երիտասարդների մոտ արթնացնել մոռացված ավանդույթները: Այնուհետև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրված երկու նամականիշների մարման արարողությունը:
Երկար սպասված ծրագիրն արդեն իրականություն է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված կազմակերպվել է 4 օրյա Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես, որի նպատակն է ֆիլատելիայի միջոցով իրազեկել ցեղասպանությունների, դրանց հետևանքների վերացման ու կանխարգելման անհրաժեշտության մասին: Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ամոբղջ աշխարհում ընդունված կարգ է ֆիլատելիայի միջոցով ճանաչելի դառնալ աշխարհում:
«Նամականիշների միջոցով նաև երկիրն է ճանաչելի դառնում և երկրի համար կարևորագույն իրադարձություններն են դառնում ճանաչելի: Մենք այս ցուցահանդեսի միջոցով ուզում ենք աշխարհին ևս մեկ անգամ ներկայանալ ինտելեկտին ապավինող երկիր որպես հիշողություն և ապագային միտված ծրագրեր ունեցող ազգ»:
Մոտ 5 երկրից 40 մասնակից իրենց յուրօրինակ հավաքածուներն են ներկայացրել այս ցուցահանդեսին: Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահը ցուցահանդեսին ներկայացրել էր Հայաստանի անկախ պետականությունը բնորոշող նամակինշների իր անձնական հավաքածուից մի մաս:
ԵՄ խորհրդարանում Հայաստանի նախագահների ելույթներին նվիրված ծրարներ, ծրարներ նվիրված նաև այն միջազգային կառույցներին, որոնց անդամակցում է Հայաստանը, սրանք նույնպես հավաքածուի մի մասն էին: Գրեթե 80 տարվա պատմություն ունեցող հայկական ֆիլատելիան ունի բավական լավ ավանդույթներ, ասում է Հովիկ Մուսայելյանը. ապացույցը՝ հայ ֆիլատելիստ Յուրի Կուպալյանի՝ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսում ոսկե մեդալի արժանանալն է:
Նամականիշների առաջին ոչ պաշտոնական բնույթի թողարկումները եղել են 1916-18 թվականին: Ցեղասպանությանը հաջորդող տարիներին ֆիլատելիան օժանդակել է նաև ցեղասպանություն վերապրածներին՝ հանգանակություններ կազմակերպելու հարցում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարևորեց Ֆիլատելիայի լեզվով ծանր հանցագործությանն անդրադառնալն ու աշխարհին ևս մեկ անգամ հայոց ցավի մասին այս միջոցով լսելի դարձնելը: Արժանթինի հայ ֆիլատելիս Ավետիս Քեչյանն էլ , ում Հայաստանի ֆիլատելիստների միությունն ընտրել է ժյուրիի անդամ, շատ տպավորված էր ներկայացված հավաքածուներով, սակայն ամենագրավիչն իր համար մեկն է:
«Արտաշես Տարումյանի թուրք-ռուսական պատերազմը ներկայացնող հավաքածուով»:




