

Երեւանի պետական համալսարանում այսօր կայացել է «Եվրասիական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երիտասարդական երկրորդ դպրոցը: Երիտասարդական դպրոցի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը:
ՀԱՊԿ երիտասարդական դպրոցի մասնակիցները ներկայացրել են զեկուցումներ՝ Եվրասիայի անվտանգության ապահովման գործընթացում, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ՀԱՊԿ-ի դերի եւ նշանակության, Մերձավոր Արեւելքում ծավալվող ռազմաքաղաքական դրության եւ այլ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադրման մասին համաձայնագիրը Հայաստանի, Բելառուսի, ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի բուհերի ներկայացուցիչների կողմից կնքվել է 2014 թ.-ի ապրիլին: Լիգայի գլխավոր նպատակը անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկական, հումանիտար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական եւ այլ բնագավառներում Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը նպաստելն է:
Անդրադառնալով Եվրասիական անվտանգության ապահովման արդիական խնդիրներին՝ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինն իր խոսքում կարեւորել է երիտասարդ-ուսանողության համախմբումը եւ ներուժի համատեղումը հակաահաբեկչական ֆորումներում: Նա հույս է հայտնել, որ Երեւանի պետական համալսարանի ուսանողությունը ակտիվորեն կմասնակցի ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվելիք համաբուհական նման ֆորումներին:
«Ներկայումս էքստրեմիստների եւ արմատականների կողմից աշխարհում ավելացել են սպառնալիքները: Ես վստահ եմ, որ հատկապես մեր համատեղ միավորմանը մասնակցությունը հնարավորություն կտա բարձրացնելու անվտանգության զգացողությունը` առանց վտանգի համախմբվելով ընդդեմ ահաբեկչության սպառնալիքների եւ մշակելու համարժեք եւ օպերատիվ հակամիջոցներ: Ես վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը լրացուցիչ խթան կտա մեր պաշտպանվածությանը»:




